ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիր ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ նոր 10%-անոց սակագինն ուժի մեջ կմտնի երեք օրից։ Հայտարարությունն արվել է Սպիտակ տանն անցկացված մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ Գերագույն դատարանի՝ ներմուծման սակագների վերաբերյալ վարչակազմի մեխանիզմի կիրառումն անօրինական լինելու որոշումից հետո։

Լրագրողները հարցրել են՝ արդյոք նոր սակագները ժամանակավո՞ր կլինեն՝ 150 օր տևողությամբ, թե՞ մշտական։ «Մենք իրավունք ունենք գործնականում անել այն, ինչ ցանկանում ենք, սակայն կարծում եմ՝ մենք կսկսենք գանձել սակագինը երեք օրից»,- հայտարարել է նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ 10%-անոց սակագնի սահմանման և «ազգային անվտանգության» հետ կապված սակագների շարունակման մասին։

ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարի 20-ին որոշեց, որ Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) համաձայն վարչակազմի կողմից սակագների կիրառումը չափազանց է։ Դատարանը չի մանրամասնել՝ արդյոք Միացյալ Նահանգները պետք է վերադարձնի՞ նախկինում վճարված ներմուծման սակագները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի մասին: Օգոստոսի 29-ին Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը որոշեց, որ նախագահը լիազորություններ չունի իր հայտարարած մաքսատուրքերից շատերը սահմանելու համար: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ վարչակազմը միջնորդություն ներկայացրեց Գերագույն դատարան՝ այդ որոշումը չեղյալ համարելու համար: