Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատի աշխատակիցներին թույլատրել է ոստիկանությանը տրամադրել այն ֆայլերն ու փաստաթղթերը, որոնք առնչվում են նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և մանկապիղծ Ջեֆրի Էպշտեյնի կապերի հետաքննությանը։

Ըստ The Observer պարբերականի, գործը քննող դետեկտիվներին հասանելիություն կտրվի փաստաթղթերին, էլեկտրոնային նամակներին, ինչպես նաև կառավարական այն ֆայլերին, որոնք վերաբերում են Միացյալ Թագավորության առևտրային ներկայացուցչի պաշտոնում նրա գործունեությանը։

«Հայտարարել ենք, որ լիովին համագործակցելու ենք», — ասել է թագավորական ընտանիքի աղբյուրը՝ հղում անելով թագավորի հայտարարությանը։ Ըստ թագավորական ընտանիքի աղբյուրներից մեկի, վտանգ կա, որ քննիչները կբացահայտեն, որ Բուքինգհեմյան պալատի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի քան 15 տարի «իմացել են Էնդրյուի արարքների մասին և թաքցրել դրանք»։

Սքոթլանդ Յարդը թագավորական ընտանիքի անվտանգության ծառայության բոլոր այն աշխատակիցներին, որոնք աշխատել են Էնդրյուի հետ, հորդորել է համապատասխան խողովակներով հայտնել ցանկացած անօրինական գործողության կասկածի մասին։

Թագավորական պահպանության նախկին աշխատակից Փոլ Փեյջը հայտարարել է, որ ծառայության վեց տարիների ընթացքում (1998-2004 թթ.) Մաունթբաթեն-Վինձորին «ավելի քան 40 կին» է այցելել։