Գիտնականներն ավելի ու ավելի հաճախ են տագնապ հայտնում. ատլանտյան հիմնական հոսանքներից մեկը կարող է անհետանալ, ինչը Հյուսիսային Եվրոպային սպառնում է նոր սառցե դարաշրջանով:
Ինչպես Եվրոպայի մեծ մասում, Իսլանդիայում 2025 թվականը դարձել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք տարին. ջերմոցային գազերը շարունակում են տաքացնել մոլորակը:
Ըստ Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալների, անցյալ տարի երկրում միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 5,2°C, ինչը 1,1°C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից, հայտնում է Euronews-ը: Սա դիտարկումների ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Գրեթե բոլոր ամիսներին ջերմաստիճանը եղել է «նորմայից զգալիորեն բարձր», հատկապես գարնանը: Մայիսի կեսերին երկիրը պատել էր արտառոց տապի տասնօրյա ալիք. Էգիլսստադիր օդանավակայանում ջերմաչափի սյունը բարձրացել էր այս լայնությունների համար ծայրահեղ՝ 26,6°C-ի:
Տեղումների տարեկան քանակը շրջանների մեծ մասում ցածր է եղել վերջին տասը տարվա միջին ցուցանիշից, սակայն շատ վայրերում այնուամենայնիվ գերազանցել է 1991–2020 թվականների կլիմայական նորման: Օդի ջերմաստիճանի 1°C բարձրացման դեպքում մթնոլորտը կարող է պահել մոտ 7%-ով ավելի խոնավություն, ինչը մեծացնում է հորդառատ անձրևների հավանականությունը: Չնայած տաքացման ընդհանուր միտմանը՝ գիտնականները նախազգուշացնում են, որ հեռանկարում կլիմայի գլոբալ փոփոխությունը Հյուսիսային Եվրոպայում կարող է ունենալ հակառակ հետևանքները:
Հնարավոր կտրուկ ցրտահարման մտավախությունները կապված են Ատլանտյան օվկիանոսի միջօրեական շրջապտույտի (AMOC) հետ: Սա Ատլանտիկայում հոսանքների համակարգ է, որը տաք ջուրը տեղափոխում է հյուսիս, իսկ սառը ջուրը՝ հարավ: Արկտիկական սառույցների հալման արագացման և Գրենլանդիայի սառցե վահանից քաղցրահամ ջրի ներհոսքի ուժեղացմանը զուգընթաց՝ շրջապտույտը կարող է թուլանալ կամ խափանվել:
Եթե դա տեղի ունենա, գիտնականների կանխատեսմամբ, Հյուսիսային Եվրոպայում կարող է հաստատվել «մեր օրերի սառցե դարաշրջանը», իսկ Իսլանդիայի նման երկրները կբախվեն նոր ծայրահեղ ցրտերի: AMOC-ն արդեն խափանվել է նախկինում՝ մինչև վերջին սառցե դարաշրջանը, որն ավարտվել է մոտ 12 հազար տարի առաջ: Հենց այդ պատճառով 2025 թվականի սեպտեմբերին Իսլանդիայի ազգային անվտանգության խորհուրդը AMOC-ի հնարավոր խափանումը պաշտոնապես դասել է անվտանգության համար ռիսկային գործոնների շարքին: Հյուսիսային խորհրդի կայքում փետրվարի 5-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ AMOC-ի խափանումը կարող է հանգեցնել «ծայրահեղ հետևանքների» Հյուսիսային Եվրոպայի երկրների համար, որոնք տարբերվում են գլոբալ տաքացման սպասվող ազդեցություններից և մասամբ հակադիր են դրանց:
Կլիմայական մոդելները ցույց են տալիս, որ նման սցենարի դեպքում Իսլանդիայում ձմեռային ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -45°C: Վիկինգների ժամանակներից ի վեր առաջին անգամ ծովային սառույցը կարող է բոլոր կողմերից շրջապատել կղզին: The Washington Post-ին տված հարցազրույցում Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության գլխավոր տնօրեն Հիլդիգունուր Թորստեյնսոնը նշել է. «Այդ դեպքում Իսլանդիան կվերածվի մի հսկայական սառցադաշտի»:
Իհարկե, սա հնարավոր սցենարներից միայն մեկն է: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ այն այլևս չի կարելի համարել բացառապես ապոկալիպտիկ ֆանտազիա: «AMOC-ը հյուսիսային երկրների կլիմայական համակարգի առանցքային տարրն է: Թեև դրա ապագան անորոշ է մնում, արագ թուլացման կամ խափանման ռիսկը պետք է լուրջ ընդունել», — հայտարարել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի հետազոտող պրոֆեսոր Ալեքսի Նումելինը:
Զեկույցի հեղինակները կոչ են անում վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, ապաածխացումն արագացնելու և զուտ բացասական արտանետումների նպատակներին հասնելու համար: Նրանք նախազգուշացնում են՝ որքան երկար գլոբալ ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակի համեմատ 1,5°C-ի շեմը, այնքան մեծանում է AMOC-ի համար անդառնալի կետն անցնելու ռիսկը:
Առաջարկվում է նաև ապահովել հետազոտությունների երկարաժամկետ ֆինանսավորում և ստեղծել շրջապտույտի վիճակի մասին վաղ ահազանգման համակարգ, որը կմիավորի Երկրի դիտարկումները կլիմայական մոդելավորման հետ: «Այս համակարգը պետք է ներառվի քաղաքականության մշակման գործընթացներում՝ գիտելիքից գործողության արագ անցումն ապահովելու համար», — ընդգծվում է զեկույցում: Մասնավորապես նշվում է, որ օվկիանոսների մասին ԵՄ նոր օրենքը հնարավորություններ է ստեղծում նման աշխատանքների համակարգման համար: