Թերթը գրում է, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը երեկ այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին եւ չի ասել` մասնակցելո՞ւ է արդյոք թափուր պաշտոնի հայտարարած մրցույթին: «Նշենք, որ մրցույթը կայանալու է մարտի 13-ին, իսկ Սերգո Երցյանն արդեն շուրջ երկու տարի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար է: Ըստ որոշ տեղեկությունների` Երիցյանը ժամանակին մի առիթով հայտարարել է, որ ինքը մրցույթի չի մասնակցելու: Այս հայտարարության ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու ԿԳ նախարարությունից, խոսելով մրցույթն այսքան ուշացնելու մասին, հայտարարում էին, որ նախատեսվում է փոխել Լեզվի պետական տեսչության կարգավիճակը: Դա, փաստորեն, ստացվում է այն պատճառով, որ Երիցյանն այդ պաշտոնում նշանակվի եւ ոչ թե ընտրվի մրցույթով: Բայց արդեն վերջերս հայտնի դարձավ, որ Սերգո Երիցյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ջրերը մի առվով չեն հոսում: Տարեսկզբին իր հարցազրույցներից մեկում Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսել էր հայկական եթերում ռուսերեն հաղորդումների ու մասնավորապես «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասին եւ հայտարարել, որ դա օրենքի խախտում է:
Հայտնի է, որ նշված խաղին մասնակցում է նաեւ նախարար Աշոտյանը: Դրանից հետո մամուլում լուրեր հայտնվեցին, թե նախարարը սպառնացել է Երիցյանին գործազուրկ դարձնել: Եւ ահա, դեպքերի զարգացումները հուշում են, որ այդ գործընթացն արդեն սկսված է:Ստացվում է` սկզբում ԿԳ նախարարությունում աշխատել են հող նախապատրաստել ` Սերգո Երիցյանին պաշտոն մատուցելու համար, հետո նախարարը բարկացել եւ որոշել է, որ պետք է նրա զբաղեցրած պաշտոնի համար մրցույթ հայտարարել: Այսպիսով, հասկանալի է դառնում, թե ինչու Սերգո Երիցյանը չի պատասխանում պարզունակ թվացող մի հարցի`մասնակցելո՞ւ է մրցույթին, թե` ոչ»,- գրում է «Հայական ժամանակ»,- ը:




























