Առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր ու օնլայն տաքսու վարորդները պետք է ներառվեն այս ցանկում և առողջապահության ապահովագրության շրջանակներում անվճար բուժօգնություն ստանան, այսինքն իրենք էլ են գիտակցել, որ կա այդ խնդիրը և այն պիտի լուծվի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 24–ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Տաքսու վարորդներից մեկն էլ նշեց, որ իրենք հանդիպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ. «Մեզ ասացին, որ գործն ընթացքի մեջ է, ծանոթացել են,, հիմա մնում է արձագանքեն։ Մեզ ասացին՝ 20–25 վարորդների հետ նորից կհանդիպեն, լուծումներ գտնելու համար։ Մենք 6 վարորդներով 2 ժամ զրույց ենք ունեցել նախարարի հետ, բացատրում էինք իրավիճակը, իրենք նույնիսկ անակնկալի եկան։ Հիմա իերնք թղթերին ծանոթանում են, մարտի սկզբին կասեն իրենց կարծիքը։
Մենք դժգոհ ենք «Յանդեքսից», որ բարձր տոկոսներ է դրել, պետությունից էլ դժգոհ ենք, որ 5% մուծում ենք, չգիտենք ինչի համար ենք մուծում, ոչ մի բանից չենք օգտվում»։
Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ «Յանդեքսը» սկզբում կիրառել է 0 %, հիմա հասել է նվազագույնը 16,5 տոկոսի. «Այս պարագայում իր գործառույթն ունի իրականացնելու կառավարությունը՝ հակամենաշնորհային կարգավորման շրջանակներում, սպառողների իրավունքների կամ ծառայություն մատուցողների իրավունքների շրջանակում»։
Վարորդները նշեցին, որ 700 վարորդ է ստորագրահավաքին միացել, մյուսները խիտ գրաֆիկով աշխատում են, չեն հասցնում գալ, ստորագրել»։
Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին, օնլայն տաքսու վարորդները Երևանի Բրազիլիայի հրապարակում ակցիա և ստոևրագրահավաք են իրականացրել։ Նրանք պահանջում են իրենց համարել գրանցված աշխատող, նաև նվազեցնել օպերատորների կողմից կիրառվող հարկերը։
Նշենք, որ օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.
1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել ,պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։




























