Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, պետք է պետական գանձարան վերադարձնի հարկատուների բոլոր այն միջոցները, որոնք ոչ նպատակային կերպով ծախսվել են անձնական կարիքների համար։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը։

i թերթին (որը պատկանում է Daily Mail and General Trust մեդիախմբին) տված հարցազրույցում նախարարը դրական է պատասխանել նախկին արքայազնի կողմից վատնված միջոցների փոխհատուցման անհրաժեշտության մասին հարցին՝ «Իհարկե»։ Միևնույն ժամանակ, Ռիվսն ընդգծել է, որ «երբեք չի հանդիպել» Մաունթբաթեն-Վինձորին։ «Հավանաբար, այդպես ավելի լավ է», - ասել է նա։

Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել էր փետրվարի 19-ին՝ իր 66-ամյակի օրը, և տեղափոխվել ոստիկանություն՝ հարցաքննության։ Նա կասկածվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ։ Թեմզայի հովտի ոստիկանությունը ստուգում է այն տեղեկությունը, ըստ որի՝ 2001-2011 թվականներին զբաղեցնելով Միջազգային առևտրի և ներդրումների հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին։ Ավելի ուշ նախկին արքայազնին ազատ են արձակել՝ առանց մեղադրանք առաջադրելու։ Այժմ քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին արքայազնը, զբաղեցնելով առևտրային հարցերով հատուկ ներկայացուցչի չվարձատրվող պաշտոնը, օգտագործել է թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները՝ մասնավոր առևտրային շահերից բխող ուղևորություններ կատարելու համար։ Ըստ i թերթի՝ Մաունթբաթեն-Վինձորը պետական միջոցներ է ծախսել նաև հյուրանոցներում մի քանի համարներ ամրագրելու և իր շրջապատի հաշիվները փակելու համար։

Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր ապացույցների առկայության մասին, ըստ որոնց՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան է եղել։ Էպշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված էին մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից (ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը հայրենիքում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։