Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մեծ դժվարությամբ հաղթահարելով մոտ 3 կիլոմետր մերկասառույց ճանապարհը, Մելիք գյուղից հղի կնոջը հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով մոտեցրել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել, ինչի պատճառով էլ ծննդկանին հարազատները չեն կարողացել տեղափոխել հիվանդանոց և նրանց օգնության են հասել փրկարարները, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները։
Արդեն ծննդկանին բարեհաջող շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց, որից հետո Արագածի հրշեջ-փրկարարները հերթական կանչ են ստացել հղիի վերաբերյալ, այս անգամ՝ Շենկանի գյուղից, որտեղ նույնպես ճանապարհը պատված է ձյան շերտով ու բավականին դժվարանցանելի է։
Այս պահին փրկարարները հատուկ թրթուրավոր ավտոմեքենայով, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ մեկնում են Շենկանի բնակավայր՝ ծննդկանի տուն, որպեսզի նրան ևս տեղափոխեն հիվանդանոց։





























