Նոր գենետիկական հետազոտությունը լույս է սփռում մարդու էվոլյուցիայի երկար քննարկվող առեղծվածի վրա, թե ինչպես է տեղի ունեցել գեների փեոխանակումը նեանդերտալցիների եւ վաղ մարդկանց միջեւ։ Հին ԴՆԹ-ի վերլուծությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում, ցույց է տալիս, որ տեսակների միջեւ առաջին շփումների ընթացքում գենետիկական փոխանցումը տեղի է ունեցել հիմնականում նեանդերթալցի տղամարդկանցից Homo sapiens-ի կանանց։
Գիտնականներն ուսումնասիրել են Եվրասիայի հին մնացորդների գենոմները, այդ թվում՝ վաղ Homo sapiens-ի եւ տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրած նեանդերթալցիների ներկայացուցիչների։ Հարյուրավոր գենետիկական հաջորդականությունների համեմատությունը ցույց է տվել, որ գեների խառնումը անհավասար է եղել. ժամանակակից մարդկանց ժառանգած նեանդերթալյան ԴՆԹ-ի մեծ մասը, հավանաբար, ծագել է նեանդերթալցի տղամարդկանցից, որոնք խաչասերվել են վաղ կանանց հետ։
Այս ասիմետրիան ենթադրում է, որ շփումները տեղի են ունեցել Եվրասիայում Homo sapiens-ի տարածման ընթացքում, որտեղ մարդկային խմբերը հանդիպել են ցրված նեանդերթալցիների պոպուլյացիաների։ Այս պայմաններում նեանդերթալցի տղամարդկանց եւ Homo sapiens-ի կանանց միջեւ ամուսնական կամ սեռական շփումները կարող էին ավելի հաճախակի լինել, եւ դրանց գենետիկական հետքերը կարող էին պահպանվել նրանց սերունդների մոտ։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ Աֆրիկայից դուրս գտնվող ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ի մոտավորապես 1-2 տոկոսը ծագում է նեանդերթալցիներից: Նոր հետազոտությունը պարզաբանում է, թե ով է ճշգրիտ փոխանցել այս գեները եւ ինչ ուղղությամբ է տեղի ունեցել խառնումը: Նեանդերթալցի կանանցից Homo sapiens տղամարդկանց գեների փոխանցման դեպքերը զգալիորեն ավելի քիչ են։
Գիտնականները նշել են, որ այս եզրահանգումներն օգնում են ավելի լավ հասկանալ հին համայնքների սոցիալական կառուցվածքը եւ միգրացիայի օրինաչափությունները. գենետիկական ասիմետրիան ցույց է տալիս խմբերի միջեւ բարդ փոխազդեցությունները, շփումները եւ սերունդների համար հարմարվողական առավելությունները: Սա կարեւոր քայլ է՝ հասկանալու համար, թե ինչպես են մեր նախնիները զարգացել եւ ինչ գործոններ են նպաստել Homo sapiens-ի հաջող տարածմանը:




























