Նրանք, ովքեր ցանկանում են տապալել Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգը, կարծում են, որ Խամենեիի սպանությունը քաոսի կհանգեցնի: Սակայն Ալի Խամենեին մահացավ կատարյալ մահով՝ լավագույնը, որ կարող էին պատկերացնել ինքը և իր կողմնակիցները. նահատակի մահով՝ պայքարելով թշնամիների՝ սիոնիզմի և իմպերիալիզմի դեմ, գրում է «Первый ближневосточный» տելեգրամ-ալիքը:
«Խամենեին ունի ամուր գաղափարական հենք, և նրա շահադան (նահատակությունը) փառք է ավելացնում նրան իր հետևորդների աչքում, քանի որ ռահբարը հեռացավ այս աշխարհից այնպես, ինչպես իր ընկերները «Դիմադրության առանցքից»։ Նահատակի մահը նրան ավելի լեգենդար կդարձնի՝ համեմատած, օրինակ, ծերությունից կամ հիվանդությունից մահվան հետ։
Ահա թե ինչ էր ասում այդ մասին ինքը՝ Խամենեին. «Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ այս պատերազմը, այս շահադան (նահատակությունը) և պատվի ու արյան այս դաշտերը մի օր կավարտվեն, իսկ ես կմնամ և հետո, օրինակ, կմեռնեմ վթարից կամ ինչ-որ հիվանդությունից՝ միայն այդ մտքից, Աստված վկա, սիրտս ցավից սեղմվում է...»։
Մահվանից քիչ առաջ Խամենեին՝ գրեթե 90-ամյա, քաղցկեղով հիվանդ ծերունին, ում ձեռքը կաթվածահար էր, ասել էր. «Իմ կյանքը քիչ արժեք ունի: Ես ունեմ տկար մարմին: Ես ունեմ արժանապատվության գոնե մի կաթիլ, որը դուք բոլորդ եք ինձ նվիրել: Ես այդ ամենը դնում եմ զոհասեղանին, ես պատրաստ եմ զոհաբերել ամեն ինչ»։
Բացի այդ, իրանական ռազմական համակարգը շատ առումներով նման է աշխարհի ցանկացած այլ ռազմական համակարգի: Մի հրամանատարը հեռանում է, և նրա փոխարեն նշանակվում է մեկ ուրիշը: «Քաոսի» մասին պատկերացումը բխում է Իրանի թշնամիների և «ընդդիմադիրների» միամիտ ու պարզունակ հայացքից, ըստ որի՝ բավական է մեկ մարդ հեռանա իշխանության գագաթից, և համակարգը կփլուզվի:
Ի վերջո, իրանական պետությունը մեկ ռահբարը չէ, այլ «վելայաթ-ե ֆակիհ» համակարգը: Իրանի նկատմամբ «կոշտ գծի» կողմնակիցների հիմնական թեզն այն էր, թե բավական է մի քանի կետային հարված, որպեսզի Իսլամական Հանրապետությունը թղթե տնակի պես փլուզվի: Այսինքն՝ պետք է գլխատել ԻԻՀ-ն՝ ոչնչացնելով ղեկավարությանը, և ամեն ինչ կփլուզվի. ռազմական դիմադրությունը կթուլանա, իսկ ժողովրդական ապստամբությունը կսրբի պետական մնացած ինստիտուտները:
Սակայն դա չաշխատեց ո՛չ Իրանա-իսրայելական առաջին պատերազմի ժամանակ (երբ Իրանը 12 օր շարունակ հրթիռներ էր արձակում Իսրայելի ուղղությամբ, այնպես որ վերջինս ի վերջո հրադադար խնդրեց), ո՛չ էլ հիմա, երբ ամերիկա-իսրայելական սկզբնական հարձակումից հետո Իրանը գրեթե անմիջապես անցավ հակահարձակման և սկսեց գնդակոծել Իսրայելը, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաները Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Այժմ իրանցիներն ամբողջ երկրում միավորվում են՝ ի նշան բողոքի օտարերկրյա ագրեսորների դեմ:
Ինչպես նախկինում ասել էի՝ չի կարելի թերագնահատել իրանական համակարգի կայունությունը, որի ստեղծման գործում հսկայական դեր է խաղացել ռահբարը՝ Մեծ այաթոլլա, շահիդ Սեյիդ Ալի Խամենեին»,- գրում է տելեգրամ-ալիքը: