ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը Աֆղանստանում, որի մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհայտարարի դեկտեմբերի 1-ին, անպայման ազդելու է Նախագահի քաղաքականության վրա նաեւ հարեւան տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ նման տեսակետ են հայտնել ամերիկյան փորձագետները:

«ԱՄՆ-ի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնումը արտաքին քաղաքականության մեջ մնում է առաջնային ուղղություն, բայց դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը փորձում է հավասարակշռություն պահպանել Վրաստանի հետ հարաբերություններում»,- կարծիք է հայտնել Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Քորի Վելտը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում առկա հակամարտությունները ԱՄՆ-ի համար շարունակում են մնալ ամենակարեւոր հարցերը Հարավային Կովկասում:

Ըստ Վելտի, ԱՄՆ նախագահը իր քաղաքականությունը կառուցում է այն հաշվարկի վրա, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել այդ տարածքներում: ԱՄՆ-ը ցանկացած դեպքում չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Միաժամանակ, Ջորջ Վաշինգթոնի համալսարանի փորձագետ-պրոֆեսոր Շոն Ռոբերթսը պնդում է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարացումը պետք է ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունները լինեն: «Սառը պատերազմի» դասերը ցույց տվեցին, որ ավտորիտար վարչակարգերին աջակցելը, եթե անգամ ձեռնտու է մեր անվտանգությանը, կարող է բացասական հետեւանքներ ունենալ, եթե մենք չնպաստենք այդ երկրների ազատականացմանը",- ասված է Ռոբերթսի զեկույցում: