Իրանին հասցրած հարվածներից հետո առաջին ուղևորները լքել են Իսրայելը, երբ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը մասնակիորեն բացվել է մեկնող չվերթների համար, հայտնում է Times of Israel-ը։
Ներկայումս չվերթներն իրականացնում են իսրայելական El Al, Israir և Arkia ավիաընկերությունները՝ չնայած մի շարք սահմանափակումների։ Այսօր վաղ առավոտյան Իսրայելի ավիացիոն իշխանությունները հաստատել են մեկնող չվերթների ուղևորների թույլատրելի քանակի ավելացումը՝ յուրաքանչյուր չվերթի համար 70-ից հասցնելով 100-ի՝ կախված ավիաընկերությունից և օդանավի չափից։ Ուղևորներին թույլ կտան նաև ուղեբեռ հանձնել։
Այս չվերթներով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է հայտարարագիր ստորագրեն այն մասին, որ չեն վերադառնա երկիր մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օրվա ընթացքում։
«Բեն Գուրիոն» օդանավակայանը չորեքշաբթի երեկոյան աստիճանաբար վերաբացվել է ժամանող չվերթների համար՝ արտերկրում մնացած տասնյակ հազարավոր իսրայելցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով։ Հիշեցնենք, որ երկրի օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ին։ Այս չվերթներով մեկնող ուղևորները պետք է օգտվեն տանից նախնական գրանցման համակարգից և օդանավակայան ժամանեն մեկնումից մոտ երկու ժամ առաջ։
Այս հանձնարարականները նպատակ ունեն խուսափել կուտակումներից և սահմանափակել ուղևորների՝ օդանավակայանում գտնվելու ժամանակը, քանի որ Իրանի և Լիբանանի կողմից հրթիռակոծությունները շարունակվում են։