Չնայած ԱՄՆ-ն է սկսել պատերազմը Իրանի դեմ, տարածաշրջանային աղբյուրներն ու վերլուծաբանները նշում են, որ հետևանքները կկրեն Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրները։

Պարսից ծոցի արաբական մայրաքաղաքներում զայրույթն աճում է այն պատճառով, որ երկրները ներքաշվել են պատերազմի մեջ, որը իրենք չեն սկսել, ո՛չ էլ աջակցել են դրան, սակայն այժմ հատուցում են՝ տնտեսապես և ռազմական առումով. օդանավակայանները, հյուրանոցները, նավահանգիստները, ռազմական և նավթային օբյեկտները հրթիռային հարվածներ են ստացել Իրանից, հաղորդում է Reuters-ը։

«Սա մեր պատերազմը չէ։ Մենք չէինք ուզում այս հակամարտությունը, բայց հիմա վճարում ենք գինը անվտանգության և տնտեսական առումով»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Էմիրությունների քաղաքականության կենտրոնի նախագահ Էբթեսամ Ալ-Քեթբին։ Նա ընդգծել է, որ դա Իրանին «անմեղ» չի դարձնում. Պարսից ծոցի երկրների կառավարությունները Թեհրանին վստահեցրել են, որ ԱՄՆ-ն պատերազմում իրենց տարածքներն ու օդային տարածքը չի օգտագործի։ Այնուամենայնիվ, Իրանը տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների ալիք է սկսել՝ խաթարելով բիզնեսի վստահությունը։

«Վիրավոր առյուծ». Պարսից ծոցի նոր մտահոգությունը

Որոշ աղբյուրներ կարծում են, որ պատերազմը սկսելով Վաշինգտոնը պետք է այն մինչև վերջ տանի՝ տարածաշրջանի շեմին Իրանի մշտական ​​սպառնալիքը վերացնելու համար։

«Եթե Ամերիկան ​​հիմա դուրս գա պատերազմից՝ առանց հաղթանակի հասնելու, դա նույնը կլինի, ինչ վիրավոր առյուծին լքելը,- ասել է Ալ-Քեթբին,- Իրանը կմնա կրկին հարձակվելու ընդունակ սպառնալիք։ Եվ եթե ռեժիմը փլուզվի՝ իշխանության վակուում թողնելով, հարևան պետությունները կտուժեն»։

Տնտեսական և զբոսաշրջային ազդեցությունները

Օդային տարածքի փակումը հանգեցրեց մոտ 40 հազար չվերթի չեղարկման, ինչը COVID-19 համավարակից ի վեր համաշխարհային օդային ճանապարհորդությունների ամենամեծ խափանումն է։ Պարսից ծոցի զբոսաշրջությունը նույնպես տուժել է՝ խաթարելով տարածաշրջանի՝ որպես անվտանգ և հեղինակավոր հանգստավայրի հանգամանորեն ձևավորված կերպարը։

Անվտանգության և դաշինքների վերագնահատում

Ճգնաժամի պայմաններում Պարսից ծոցի երկրները փորձում են ցուցադրել հանգստություն և վճռականություն։ ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ուրբաթ հայտարարել է, որ երկիրը պատերազմի մեջ է, բայց մնում է ուժեղ և հեշտ ավար չի դառնա։

Վերլուծաբանները նշում են, որ պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպել է վերանայել իրենց անվտանգության կախվածությունը Վաշինգտոնից և քննարկել Թեհրանի հետ նոր տարածաշրջանային անվտանգության համաձայնագրերի շուրջ բանակցությունները, չնայած Իրանի նկատմամբ վստահության լիակատար փլուզմանը։

Տարիներ շարունակ ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունները կառուցվել են թաքուն գործարքի վրա՝ էներգիայի և կապիտալի (ներառյալ հարյուրավոր միլիարդավոր դոլարների զենք, տեխնոլոգիաներ և ծառայություններ) մատակարարում ամերիկյան պաշտպանության դիմաց, նշել է Ֆավազ Ջերգեսը՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից։ Պատերազմը ցնցել է այս նկատառումնները. Պարսից ծոցի երկրներն այժմ կարագացնեն իրենց արտաքին քաղաքականության և պաշտպանական գործընկերությունների դիվերսիֆիկացումը՝ գիտակցելով, որ չեն կարող լիովին հույսը դնել ԱՄՆ-ի վրա՝ իրենց էներգիան, նավթը, գազը, բնակչությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

ԱՄՆ քննադատությունը և ազդեցության գնահատումը

Վաշինգտոնի գործողություններից դժգոհությունը հիշեցնում է Սաուդյան Արաբիայի հիասթափությունը, երբ 2019 թվականին ԱՄՆ-ն չարձագանքեց Աբքայք և Խուրայս նավթային օբյեկտների վրա Իրանի անօդաչու և հրթիռային հարձակումներին։ Պարսից ծոցի հետազոտական ​​կենտրոնի նախագահ Աբդուլազիզ Սագերը նշել է, որ ԱՄՆ-ն երաշխիքներ չի տրամադրել տարածաշրջանային դաշնակիցների պաշտպանության համար և չի ապահովել նավթի և գազի կայուն մատակարարումները պատերազմի ընթացքում՝ պատճառելով «սարսափելի» տնտեսական վնաս։

Սագերն ընդգծել է, թե հակամարտությունը ցույց է տվել միայն արտաքին՝ հատկապես ԱՄՆ  անվտանգության երաշխիքներին ապավինելու սահմանափակումները՝ հավելելով, որ Պարսից ծոցի երկրները պետք է ամրապնդեն պաշտպանական կարողությունները և պատրաստվեն ապագա ճգնաժամերին։

«Արտաքին տերությունները հակված են որոշումներ ընդունել՝ հիմնվելով իրենց սեփական ռազմավարական շահերի, այլ ոչ թե Պարսից ծոցի շահերի վրա։ Ուստի տարածաշրջանի երկրները, հավանաբար, ավելի զգույշ և հավասարակշռված կգործեն Իրանի և հիմնական միջազգային գործընկերների հետ իրենց հարաբերություններում»,- հավելել է նա։

Հազվագյուտ հրապարակային հայտարարության մեջ էմիրաթցի հայտնի գործարար Խալաֆ Ալ Հաբտուրը կասկածի տակ է դրել Իրանի դեմ ամերիկաիսրայելյան պատերազմի նպատակները. «Եթե հարվածները նպատակ ունեին Իրանին զսպելու, արդյո՞ք հաշվի են առնվել տարածաշրջանային հետևանքները, թե՞ պարզապես անտեսվել է Պարսից ծոցը ուրիշի հակամարտության մեջ ներքաշելու արժեքը»։

Saudi Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը զգուշացրել է, որ Հորմուզով մատակարարումների հետագա խափանումները «աղետալի հետևանքներ» կունենան նավթային շուկաների համար։

Իր հերթին, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թույլ չի տա՝ «ոչ մի լիտր նավթ» դուրս գա Մերձավոր Արևելքից, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները շարունակվեն: Թրամփը զգուշացրել է, որ Վաշինգտոնն ավելի խիստ հարվածներ կհասցնի Իրանին, եթե նավթի արտահանումն արգելափակվի:

Ըստ Պարսից ծոցի երկրների կառավարություններին մոտ կանգնած աղբյուրների՝ տարածաշրջանում Թրամփի գործողություններից դժգոհությունը խոր և լայն տարածում ունի: Շատերը կարծում են, որ նա տարածաշրջանը ներքաշել է Իսրայելի կազմակերպած պատերազմի մեջ՝ առանց ծրագրի և գործելով հապճեպ՝ անտեսելով դաշնակիցների համար քաղաքական և տնտեսական հետևանքները:

Ամերիկյան քաղաքականությանը ծանոթ մի աղբյուր նշել է, որ հիմնական որոշումներն ընդունել է Թրամփի մերձավոր շրջապատը՝ հիմնականում ավանդական ալիքներից դուրս։ «Նրանք գործարարներ և գործարք կնքողներ են, այլ ոչ թե պաշտոնապես քաղաքական գործիչներ»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նման մոտեցումը տարածաշրջանային գործընկերներին խոցելի է դարձրել այս մերձավոր շրջապատի որոշումների հետևանքների նկատմամբ։