Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, փետրվարի 16-ին, հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի եւ Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ եւ քննարկել երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է նաեւ Երեւան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները:

Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին եւ Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին եւ 2012թ.Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող  տոնակատարություններին:

Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաեւ Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը: