ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ՊԲ-ում սպայակազմի կողմից զինվորին պարբերաբար ծեծի ենթարկելու մասին մոր ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

«ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի առիթով, ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են համակողմանի հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացի Կարինե Կիրակոսյանն այսօր` փետրվարի 15-ին, զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook-ի էջում տեղակայված լուրի համաձայն, 20-ամյա զինծառայող Կիրակոսյանը օրեր առաջ իրեն զորամասում ծեծելու մասին նույնիսկ տեղյակ է պահել ՔԿՀ-ում իր պատիժը կրող հորը:

Պաշտպանի աշխատակազմը խնդրի հանգամանքները պարզելու նպատակով դիմել էր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին: