Այսօր դեռեւս անհրաժեշտություն չկա հրաժարվել մեծամասնական ընտրակարգից եւ անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հեգտ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ժամանակավրեպ է համարում մեծամասնական ընտրակարգի վերացումը։ Ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից շրջանառվող «Կոմպրոմիս մինուս 1» (նկատի ունեն որ բացի ՀՀԿ-ից բոլոր ուժերը կողմ են մեծամասնական ընտրակարգի վերացմանը-խմբ) արտահայտության հետ ՀՀԿ-ն համամիտ չէ, քանի որ կարծում է, որ միայն իրենց կուսակցությունը չէ, որ դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտարակարգին անցնելուն։ Նրա խոսքով՝ մի շարք այլ կուսակցություններ եւս գտնում են, որ այսօր չի հասունացել հանրապետությունում համամասնական համապետական ընտրություններ անցկացնելու գաղափարը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ընդունվել է ընտրական օրենսգիրք, որը սահմանել է եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգեր: Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով՝ երբ կուսակցությունները մեծանան, նրանցից որեւէ մեկն ի վիճակի կլինի պետության ամբողջ կառավարումը վերցնել իր վրա, այդ ժամանակ կգա հարյուր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունը։
Աժ պատգամավորը նաեւ նշեց, որ եթե 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով ենք ընտրություն անցկացնում, ապա մենք խախտում ենք բնակչության` ԱԺ-ում ներկայացուցիչ ունենալու, առաջադրվելու եւ ընտրվելու իրավունքները: Այսինքն, ըստ նրա, դա անելու համար Սահմանադրության մեջ կամ պետք է փոփոխություն անել, կամ էլ պետք է պահպանել երկու ընտարակարգերը։ Նրա խոսքով՝ անկախ նրանից՝ ընտրությունները որ ընտրակարգով է տեղի ունենում, միեւնույն է, կեղծիքը կատարողը կկատարի, կաշառք բաժանողն էլ կբաժանի։




























