Հայ հասարակության մեջ տոների կապակցությամբ ընբռնումները բաժանված են երկու մասի. նրանք, ովքեր ասում է այս տոները հեթանոսական են, չեն կարողանում առաջ նայել, իսկ ովքեր ասում են, թե դրանք քրիստոնեական են, չեն կարողանում հետ նայել: Այս մասին, այսօր` փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց  գրականագետ Վարդան Դեւրիկյանը: Նա առաջարկեց փորձել ցույց տալ այս տոների հոգեւոր ժառանգորդությունը, այլ ոչ թե շարունակական ընթացքը:

Դեւրիկյանը գտնում է, որ մեր եկեղեցին մի յուրօրինակ գանձատուփ է, որն իր մեջ պահել է նախաքրիստոնեական մեր բոլոր արժեքները:

Ասուլիսի մյուս բանախոսը` ազգագրագետ Գոհար Ստեփանյանը համաձայնեց, որ պետք չէ հակասություններ փնտրել տոների մեջ` քրիստոնեակա՞ն են դրանք, թե` ոչ: Հակասություններ փնտրելու ավանդույթն, ըստ նրա, գալիս է նրանից, որ շատերը չեն ցանկանում ընդունել, որ բոլոր հին տոներն ունեն իրենց ավելի հին արմատները:

Անդրադառնալով ժողովրդի մեջ ընդունված մտածողությանը, որ «տրընդեզից» հետո օրերը տաքանում են, նշեցին, որ այդ տոնը նշվում է, թե’ հին, թե’ նոր տոմարով. հին տոմարով այն նշվում է փետրվարի 26-ին, իսկ այդ ժամանակ, իսկապես, ջերմաստիճանը բարձրանում է:

Հիշեցնենք, որ ըստ ժողովրդական բանահյուսության, երբ ջրօրհնեքին խաչը մտցնում են ջրի մեջ, ջուրն է տաքանում, իսկ երբ Տեառնընդառաջին կրակ են վառում, հողն է տաքանում: