Բելառուսական «Ալֆա-բանկ»-ի, «Բելգազպրոմբանկ»-ի եւ «Բելագրոպրոմբանկ»-ի թողարկած Visa քարտերը դադարեցրել են գործունեությունը Եվրամիությունում: Այս մասին հաղորդել է «Զերկալո»-ն՝ հղում կատարելով բանկերի հայտարարությանը:
«Մենք ծանուցում ենք ստացել, որ մարտի 18-ի դրությամբ մեր կորպորատիվ Visa քարտերը դադարեցրել են իրենց գործունեությունը ԵՄ-ում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում, Իսլանդիայում, Լիխտենշտեյնում եւ Նորվեգիայում: Նամակում նշվել է. «Սա պայմանավորված է պատժամիջոցներով», հայտարարել է «Ալֆա-բանկ»-ը:
Բանկը նշել է, որ Visa քարտերով այլեւս հնարավոր չի լինի կանխիկացնել գումար բանկոմատներից, գործարքներ չեն կատարվի խանութներում, առցանց խանութներում եւ առցանց ծառայություններում:
Քարտերը կշարունակեն աշխատել Բելառուսում եւ ԵՄ-ից դուրս գտնվող այլ երկրներում: Բանկերը խորհուրդ են տվել օգտագործել Mastercard քարտեր, որոնք շարունակում են գործել Եվրոպայում:
«Նովայա գազետա»-ն նշել է, որ բելառուսական բանկերի քարտերը մեծ ժողովրդականություն են վայելում ռուսների շրջանում, որոնք հաշիվներ են բացել Բելառուսում, այն բանից հետո, երբ Visa-ն եւ Mastercard-ը դուրս են եկել Ռուսաստանից՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով: РБК-ն գրել է, որ Բելառուսում միայն մի քանի խոշոր բանկեր, այդ թվում՝ «Ալֆա-բանկ»-ը, պատրաստ են քարտեր տրամադրել ոչ ռեզիդենտներին:





























