Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ոստիկանության ղեկավարությանը մեղադրել է իր դեմ գործ սարքելու եւ զրպարտելու մեջ:

Օհանյանը զրպարտություն է որակել իր դեմ առաջադրված մեղադրանքը: Ըստ Օհանյանի, իր պաշտոնավարման ընթացքում ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն 1 մլրդ-ից հասել է 4 միլիարդ դրամի, նվազել են պատահարները, վերազինվել է ճանապարհային ոստիկանությունը: «Եթե ես բենզինի յուրացում արած լինեի, ճանապարհային ոստիկանությունը չէր ծաղկի: Դա ապացուցեցին նաեւ այստեղ ցուցմունք տված վկաները` նշելով, որ ոստիկանության աշխատանքը չի խոչընդոտվել»,- ասաց Մարգար Օհանյանը եւ հավելեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում:

Ըստ Օհանյանի, ինքը ֆինանսական պատասխանատվություն չի կրում բենզինի բաժանման համար, որեւէ տեղ չի ստորագրել, իսկ բենզինի բաշխմամբ զբաղվել է ներկայումս ամբաստանյալ Արա Լեւոնյանը: «3 հոգու ցուցմունքով ինձ մեղադրում են 577 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ: Այդքան բենզինն անում է 30 հազար կտրոն: Միթե՞ հնարավոր չեղավ, որ գոնե 10 կտոն բերեին դատարան եւ ցույց տային»,- հարց է տալիս Օհանյանը:

Նա մեկ առ մեկ անդրադարձավ իր դեմ տրված ցուցմունքներին` նշելով, որ Արսեն Արշակյանն, օրինակ, հիշողության կորուստներ էր ունենում դատարանում, բոլոր վկաները հակասական ցուցմունքներ են տվել: Նա տարօրինակ է համարում, որ Արշակյանը երկու տարուց ավելի իմանալով բենզինիի յուարցման ամսին, չի հայտնել ղեկավարությանը: «Իմանալով նրա բնավորությունը, համոզված եմ` եթե նման բան լիներ, անպայման կտեղեկացներ, լավ էլ կապեր ուներ»,- ասաց Օհանյանը:

«Վկաների ցուցմունքները արժանահավատ չեն, սուտ եւ սարքված են»,- նկատեց նա: Ըստ Օհանյանի, միգուցե Ստեփան Կարախանյանն է բենզին յուրացրել, բայց ինքը դրան էլ չի հավատում, քանի որ 6-րդ վարչությունը լուրջ ճնշում է բանեցրել առողջական խնդիրներ ունեցող Կարախանյանի վրա, եւ նա առաջին ցուցմունքից հետո կտրուկ փոխել է իր խոսքերը:

ՃՈ նախկին պետը նաեւ զայրացել էր Արա Լեւոնյանի նախկինում արած հայտարարությունից, թե իբր Օհանյանն ասել է, որ վերեւներին էլ է փայ տալու: «Լեւոնյանն ով էր, որ ես նրան «ատչոտ» տայի, թե ինչ եմ անում, թաղի ավտարիտե՞տն էր, ի՞նչ էր, ես էլ նրա … Չեմ ուզում այդ բառն ասեմ»,- նշեց Օհանյանը:

ՃՈ նախկին պետի խոսքով, ամեն ինչ սկսվեց, երբ տարաձայնություններ սկսվեցին իր եւ ոստիկանության ղեկավարության միջեւ (Հայաստանի ոստիկանապետն այդ ժամանակ Ալիկ Սարգսյանն էր-խմբ.): «Օգոստոսից սկսվեց Օհանյանի վարկաբեկման գործընթացը, քանի որ ես սեփական կարծիք ունեի ծառայության շուրջ: Ես անձերի ոտքերը չեմ ընկնում, սիստեմին ղուրբան լինեմ»,- նշեց Օհանյանը: Ըստ վերջինիս, այդ ժամանակից սկսած ղեկավարությունը նույնիսկ իր զանգերին չի պատասխանել: Նա նաեւ նշեց, որ երբ հարցաքննության էին հրավիրել ՀՔԾ, ավագ քննիչ Տիգրան Թամամյանին քաղաքային հեռախոսով զանգ է եկել, որից հետո ինքը վկայից վերածվել է մեղադրյալի: Նրա իջեցրել են ցած, որտեղ 6-րդ վարչության դիմակավորված եւ զինված ծառայողներ են սպասել. «Ասացի` տղերք, էս ինչ շոու եք սարքում, ես փախնող չեմ»: 

Նա նաեւ հերքեց տարածված տեղեկությունները, թե իր դեմ գործ են սկսել քաղաքական խաղերի մեջ մտնելու համար: «Ես ոչ մի կուսակցության չեմ աջակցում, ոչ մի լիդերի հետ չեմ հանդիպել»,- ասաց Օհանյանը:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը: