Գերմանահայկական հիմնադրամը Հայաստանում «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակում 20 միլիոն եվրո վարկ կստանա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գերմանահայկական հիմնադրամի տնօրեն Գեւորգ Թումանյանը՝ նշելով, որ գումարի տրամադրման որոշումը պայմանավորված է նախորդ ծրագրի հաջող իրականացմամբ։ Ըստ նրա՝ 2008 թ.-ին գերմանական KFW բանկը 6 միլիոն եվրո է տրամադրել հիմնադրամին՝ հասցնելով նրա բնակարանային ֆոնդի միջոցները 12 մլն եվրոյի։ Մինչեւ 2009 թ.-ի հոկտեմբերը ներառյալ հիմնադրամը վերաֆինանսավորել է 1063 հիփոթեքային վարկ՝ 6,4 մլրդ դրամ ծավալով։

Ըստ KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանի, բանկի խոշոր վարկավորման ծրագրերի համար գումար չի հատկացվել։ «Վարկը տրվում է մինչեւ 12 մլն դրամի սահմաններում, այսինքն՝ մենք մարդկանց գումար չենք տալիս, որ խոշոր առանձնատներ կառուցեն, մենք փորձում ենք վարկը տալ միջին խավին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ քաղաքականությունն արդեն արդարացրել է իրեն։ Ըստ տվյալների՝ վարկային ընթացիկ պորտֆելում առկա է 5,3 մլրդ դրամ, որից ժամկետանց է ընդամենը 1 տոկոսը։