Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) փոքր-ինչ իջեցրել է այս տարվա համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը, սակայն զգուշացրել է, որ Իրանի հետ պատերազմի վնասը կարող է շատ ավելի լուրջ լինել, եթե հակամարտությունը ձգձգվի, իսկ նավթի գները շարունակեն աճել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով կազմակերպության զեկույցի նոր տվյալներին։
«Համաշխարհային տնտեսությունը կրկին ուղուց շեղվելու վտանգի տակ է՝ այս անգամ Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման պատճառով»,- ասված է ԱՄՀ-ի՝ այսօր հրապարակված «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» վերջին զեկույցում։
Հիմնադրամն այժմ կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը 2026 թվականին կկազմի 3,1%, ինչը 0,2 տոկոսային կետով ցածր է հունվարյան կանխատեսումից։ Այս համեստ վերանայումը ենթադրում է, որ պատերազմը «համեմատաբար կարճատև» կլինի։
Զեկույցում նաև ուրվագծվել է ավելի երկարատև հակամարտության երկու սցենար։ Այս սցենարներից ավելի ծանրի դեպքում, երբ նավթի և բնական գազի գները հունվարի համեմատ բարձրանան 100-200%-ով և այդ մակարդակում մնան մինչև 2027 թվականը, այս տարի համաշխարհային տնտեսական աճը կկազմի ընդամենը 2%։
Սա կնշանակեր «գրեթե համաշխարհային անկում», ինչը սահմանվում է որպես 2%-ից ցածր տնտեսական աճ, որը 1980 թվականից ի վեր գրանցվել է ընդամենը չորս անգամ, նշել է ԱՄՀ-ն։ Պատերազմից առաջ համաշխարհային տնտեսական ցուցանիշներն ավելի լավն էին, քան կանխատեսվում էր, և այս տարվա աճի տեմպը վերանայվել է դեպի բարձրացում։
Որպես մի դրական զարգացում ԱՄՀ-ն նշել է, որ դեպի իջեցում վերանայումը մասամբ փոխհատուցվել է ԱՄՆ-ում նախորդ տարվա համեմատ ցածր սակագնային դրույքաչափով։
«Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային հեռանկարները կտրուկ վատթարացել են»,- զեկույցում գրել է ԱՄՀ-ի տնտեսական խորհրդատու Պիեռ-Օլիվիե Գուրինչասը՝ նախազգուշացնելով, որ հակամարտությունը դեռևս կարող է առաջացնել համաշխարհային «աննախադեպ մասշտաբների էներգետիկ ճգնաժամ»։





























