ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել Հռոմի Պապ Լևոն XIV-ին և կաթոլիկ հոգևորականությանն ավելի զգույշ լինել «աստվածաբանական հարցեր» մեկնաբանելիս։

«Մենք, իհարկե, կարող ենք տարակարծիք լինել այս կամ այն պատերազմի արդարացիության հարցում։ Որպես ԱՄՆ փոխնախագահ, կարծում եմ, որ ինչպես ինձ համար է պարտադիր պետական քաղաքականությունից խոսելիս զգուշավոր լինելը, այնպես էլ Պապը պետք է խիստ զգուշավոր լինի աստվածաբանական հարցերում»,- Ջորջիայում՝ «Turning Point USA»-ի հավաքի ժամանակ, ասել է Վենսը։ Նա ընդգծել է, որ աստվածաբանական թեմաներից խոսելիս պետք է վստահ լինել, որ բոլոր հայտարարությունները «հիմնված են ճշմարտության վրա»։ «Ես փորձում եմ հենց այդպես վարվել և նույնն ակնկալում եմ հոգևորականությունից՝ լինեն նրանք կաթոլիկ, թե բողոքական»,- նշել է Վենսը։

Նա նշեց, որ «յուրաքանչյուրն իր դերն ունի»՝ պարզաբանելով, որ իր գործն է «բարոյական արժեքները ծառայեցնել ամերիկացի ժողովրդի լավագույն շահերին»։ «Իսկ Պապի դերը Ավետարան քարոզելն է»,- հավելել է քաղաքական գործիչը։ Վենսը, ով կաթոլիկություն է ընդունել հասուն տարիքում, ընդգծել թ, որ հարգում է Լևոն XIV-ին, ծանոթ է նրա հետ և հիանում է նրանով։ Սակայն նա խոստովանել է, որ իրեն հիասթափեցրել է այն, թե ինչպես է կաթոլիկ հոգևորականությունն «անխնա» քննադատել Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հարցում։

Ինչպես հիշեցրել է փոխնախագահը, Լևոն XIV-ը վերջերս ասել էր, թե «Աստված երբեք նրանց կողմից չէ, ովքեր սուր են ճոճում»։ «Մի կողմից՝ ինձ դուր է գալիս, որ Պապը խաղաղության կոչեր է անում, դա նրա առաքելություններից մեկն է։ Բայց մյուս կողմից՝ ինչպե՞ս կարելի է ասել, թե Աստված երբեք նրանց կողքին չէ, ովքեր զենք են վերցնում։ Մի՞թե Աստված այն ամերիկացիների կողմից չէր, որոնք Ֆրանսիան ազատագրեցին նացիստներից։ Մի՞թե Նա այն ամերիկացիների հետ չէր, որոնք ազատեցին համակենտրոնացման ճամբարներն ու փրկեցին Հոլոքոստը վերապրածներին»,- հարցրել է քաղաքական գործիչը։

Վերջին շաբաթներին Լևոն XIV-ը հանդես է գալիս հակապատերազմական կոշտ քարոզներով, որոնք ընկալվում են որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ վարչակազմի գործողությունների քննադատություն։ Ապրիլի 13-ին, պոնտիֆիկի հերթական հայտարարությունից հետո, ամերիկյան առաջնորդն իր Truth Social սոցցանցում գրել է, թե «այս Պապը թույլ է հանցավորության և արտաքին քաղաքականության հարցերում»։ Թրամփը նաև պնդել է,որ եթե չլիներ իր նախագահությունը, ապա ամերիկացուն Հռոմի Պապ չէին ընտրի։ Հռոմի պապն էլ իր հերթին արձագանքել է, որ չի վախենում ԱՄՆ նախագահից և մտադիր չէ նրա հետ բանավեճի մեջ մտնել։