ԱՄՆ-ը երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար (պատերազմի նախարար) Փիթ Հեգսեթը, հայտնում է BBC News-ը։

Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ը կնախընտրեր դրան հասնել «հաճելի ճանապարհով»՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և բանակցային թիմի գլխավորությամբ համաձայնագիր կնքելու միջոցով։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ դրան կարելի է հասնել նաև «դժվար ճանապարհով»։

Այս համատեքստում նա Իրանի իշխանություններին կոչ է արել «իմաստուն ընտրություն կատարել»։

Ըստ նրա՝ եթե Թեհրանը «սխալ ընտրություն կատարի», ապա շրջափակում կմտցվի, և ռումբեր կնետվեն երկրի ենթակառուցվածքների ու էներգետիկ համակարգի վրա։

Հեգսեթը նաև խոսել է ԱՄՆ-ի կողմից շարունակվող ռազմական շրջափակման մասին և զգուշացրել իրանցի առաջնորդներին, որ բանակցությունների ձախողման դեպքում, Միացյալ Նահանգները «լիովին պատրաստ են» վերսկսել ռմբակոծությունները։

Բացի այդ, նա քննադատել է «Թրամփին ատող մամուլին»:

«Դժվար է հասկանալ, թե իրականում ձեզնից ոմանք ում կողմից են»,— ասել է նա,— «Դա ոչ հայրենասիրական մոտեցում է»: