Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել մարտական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի խաղաղության պայմանագրին։ Այս մասին հինգշաբթի օրը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հայտնում է Reuters-ը։
«Դուք՝ իրանցիներդ, կարող եք ընտրել բարգավաճ ապագան և «ոսկե կամուրջը», և մենք հույս ունենք, որ դուք դա կանեք հանուն Իրանի ժողովրդի։ Բայց եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա կբախվի շրջափակման և ռումբերի, որոնք կթափվեն երկրի ենթակառուցվածքների ու էներգետիկայի վրա»,- ասել է Հեգսեթը։
Ինչպես հաղորդում է NBC News-ը, Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ հենց ԱՄՆ-ն է վերահսկում Հորմուզի նեղուցը, այլ ոչ թե Իրանը։
«Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը վերահսկում են նեղուցի թե՛ մուտքը, թե՛ ելքը։ Մենք իրական ռեսուրսներ ու հնարավորություններ ունենք դա անելու համար։ Մենք իրականացնում ենք այս շրջափակումը՝ օգտագործելով Ամերիկայի ռազմածովային հզորության 10%-ից էլ քիչ մասը»,- հայտարարել է Հեգսեթը։
Նա նաև դիմել է Իրանին՝ նշելով, որ ԱՄՆ-ն «հետևում է» իրենց։
Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ը պատրաստ է հարվածներ հասցնել։ «Քանի որ ձեր տեղաշարժերով դուք հայտնվում եք մեր ուժեղ հսկողության տակ, մենք թիրախավորում ենք ձեր կրկնակի նշանակության կարևոր ենթակառուցվածքները, էլեկտրաէներգիայի արտադրության մնացած հզորություններն ու էներգետիկ ոլորտը։ Մենք կնախընտրեինք դա չանել, բայց պատրաստ ենք գործել մեր նախագահի հրամանով և ընդամենը մի կոճակի սեղմումով», - նշել է պաշտպանության նախարարը։
Նա հավելել է, որ իրանական նավահանգիստների ու ափամերձ շրջանների շրջափակումը «միակ քաղաքավարի ձևն է, որով դա կարող է իրականացվել»։





























