ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տապալման եզրին են հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփը սկսել է սոցցանցերում հրապարակավ մեկնաբանել դրանց ընթացքն ու զանգահարել լրագրողներին՝ հայտարարելով պայմանավորվածությունների մասին, որոնք, CNN-ի աղբյուրների փոխանցմամբ, դեռ ձեռք չեն բերվել։ Վարչակազմի որոշ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում խոստովանել են, որ նախագահի գործողությունները վնասում են բանակցային գործընթացին։

«Իրանական կողմին դուր չի եկել, որ նախագահը բանակցություններ է վարում սոցցանցերի միջոցով և տպավորություն ստեղծում, թե իրենք համաձայնել են այն պայմաններին, որոնք դեռևս ընդունված չեն», — պատմել է բանակցությունների ընթացքին ծանոթ CNN-ի աղբյուրը։

Մասնավորապես, Թրամփը Bloomberg-ին հայտնել էր, թե Իրանը համաձայնել է «անժամկետ» կասեցնել միջուկային ծրագիրը, CBS News-ը հաղորդել էր, թե Թեհրանը «համաձայնել է ամեն ինչին», իսկ Axios-ը՝ որ հանդիպումը կկայանա «առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»։ Իրանական կողմը հրապարակավ հերքել է այս պնդումների մեծ մասը։

Բանակցությունները բարդանում են նաև ներքին հակասությունների պատճառով. ամերիկյան պաշտոնական շրջանակները կասկածում են, որ իրանական բանակցային խմբի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջև պառակտում կա, և պարզ չէ, թե ի վերջո ով պետք է ստորագրի համաձայնագիրը։ Առանցքային տարաձայնություններից մեկն էլ ուրանի հարստացման սառեցման ժամկետներն են. ԱՄՆ-ն առաջարկել էր 20 տարվա դադար, Իրանն ի պատասխան նախ նշել էր 5, ապա՝ 10 տարի ժամկետը։ Մինչդեռ Թրամփը պնդում է, որ հարստացումից պետք է հրաժարվել անժամկետ։

Իրավիճակն էլ ավելի է սրվել Օմանի ծոցում ամերիկյան էսկադրային ականակրի կողմից իրանական բեռնատար նավի կալանման պատճառով։ Թրամփի վերջին հայտարարության համաձայն, երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի երեկոյան (Վաշինգտոնի ժամանակով)․ նախագահն արդեն իսկ դրա երկարաձգումը «քիչ հավանական» է որակել։ Ըստ աղբյուրների, այս ամենի ֆոնին, Իսլամաբադի բանակցությունները սպասվում են չորեքշաբթի առավոտյան, թեև իրավիճակը շարունակում է «փոփոխական» մնալ։