Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն «բացարձակ անընդունելի» է անվանել Լիբանանում Իսրայելի գործողությունները և կոչ է արել մասնակիորեն կասեցնել ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այս հայտարարությունը հնչել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման նախօրեին։ Պրևոն ընդգծել է, որ դատապարտում է «Հեզբոլլահի» նախնական հարձակումները, սակայն միևնույն ժամանակ քննադատել է Իսրայելի «անհամաչափ և անդադար» պատասխանը։
Նախարարի պարզաբանմամբ՝ ԵՄ երկրների տարաձայնությունների պատճառով համաձայնագրի լիակատար կասեցումը քիչ հավանական է, ուստի Բելգիան առաջարկում է սահմանափակվել մասնակի միջոցներով։
Պրևոն նախկինում ևս հանդես է եկել Լիբանանում Իսրայելի գործողությունների խիստ քննադատությամբ։ Հատկանշական է, որ ամսվա սկզբին նա դիվանագիտական առաքելությամբ գտնվել է Բեյրութում և ականատես է եղել Բելգիայի դեսպանատան մոտակայքում հասցված իսրայելական հրթիռային հարվածին։





























