Լրատվության ծանոթ ենք բայց հանգամանքները դեռևս պարզ չեն, որևէ հստակ տվյալ չկա, սպասում ենք հավելյալ պաշտոնական տեղեկությունների, և պայմանները, և պատճառները պարզ չեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկությանը, որ Իսրայելի զինվորականների կողմից ձերբակալել է Լիբանանյան բանակի զինծառայող Պատրիկ Բաքարյանը։

Ինչ վերաբերում է լիբանանյան «Ալ Մարկազիա» լրատվամիջոցի տեղեկությանը, որ Բաքարյանը քաղաք էր եկել ընկերուհուն այցելելու նպատակով և նրան ձերբակալել են, Գանտահարյանն ասաց, որ իրենք էլ ծանոթ են այդ տեղեկատվությանը. «Ինքը Զահլե շրջանից է, մենք փորձում ենք այնտեղի պատասխանատուների հետ ճշտել, թե որոնք են այս պատահարին հանգամանքները։ Գուցե մի քիչ ևս պետք է սպասենք, կիսատ-պռատ կամ չստուգված տեղեկությունների հիման վրա չենք ուզում հրապարակել որևէ բան»։

Նա նաև հավելեց, որ  կա տեղեկություն, որ Բաքարյանը նախագահական պահակախմբի մեջ էր ծառայում։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Իսրայելական բանակը Ջեդեյդե-Մարջեյուն քաղաքում ձերբակալել է Լիբանանի զինված ուժերի զինծառայող Պատրիկ Անդրանիկ Բաքարյանին։

Ըստ հաղորդագրության՝ Բաքարյանը քաղաք էր եկել ընկերուհուն այցելելու նպատակով։ Այժմ ջանքեր են գործադրվում նրան ազատ արձակելու ուղղությամբ։ Ռազմական աղբյուրը հաստատում է, որ զինծառայողը անհետ կորել էր դեռևս երեք օր առաջ։ Նրա ճակատագիրը պարզելու համար հետաքննություն է ընթանում։