Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի նախատեսում իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը։ Այս մասին The Washington Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Նավաֆ Սալամը՝ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների նախաշեմին։
«Մենք չենք կարող հանդուրժել այսպես կոչված «բուֆերային գոտին» կամ իսրայելական ներկայությունը։ Նրանք լիբանանցի տեղահանվածներին թույլ չեն տալիս վերադառնալ, ինչի հետևանքով էլ անհնար է վերականգնել ավերված գյուղերն ու քաղաքները»,- նշել է նա Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Վարչապետի խոսքով՝ Լիբանանը բանակցությունների է գնում այն համոզմամբ, որ հենց Միացյալ Նահանգներն է այն կողմը, որը կարող է ազդեցության լծակներ կիրառել Իսրայելի նկատմամբ. «ԱՄՆ-ն վճռորոշ դերակատարում ունեցավ հրադադարի հաստատման հարցում, և մենք հուսով ենք, որ նրանք կշարունակեն օգտագործել այդ լծակները»։
Անդրադառնալով «Հեզբոլլահ» շարժման զինաթափմանը, ինչն Իսրայելի և Արևմուտքի հիմնական պահանջն է, Սալամը պարզաբանել է, որ դա տևական գործընթաց է, այլ ոչ թե մեկանգամյա գործողություն։
Նա նաև հավելել է, որ բանակցային սեղանի շուրջ նստելով՝ Լիբանանը զիջումների չի գնում. «Ես չգիտեմ, թե ինչի կհասնենք բանակցությունների արդյունքում, բայց հաստատ գիտեմ, թե ինչ ենք մենք ուզում»,- եզրափակել է Նավաֆ Սալամը։





























