Սենատի հանրապետականները տարակարծիք են այն հարցում, թե ինչպես արձագանքել Իրանի հետ ռազմական հակամարտության 60-օրյա ժամկետին. ոմանք պնդում են, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է քվեարկի ռազմական գործողությունները շարունակելու օգտին 1973 թվականի «Ռազմական լիազորությունների մասին» օրենքով սահմանված ժամկետի լրանալուց հետո, գրում է The Hill-ը:
Մի խումբ հանրապետական սենատորներ, որոնց թվում՝ Լիզա Մուրկովսկին, Թոմ Թիլիսը, Սյուզան Քոլինզը և Ջոն Քերթիսը, հայտարարում են, որ Կոնգրեսը պետք է քվեարկի պատերազմի թույլտվության օգտին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ամիս չսկսի կրճատել ռազմական գործողությունները:
Ընդսմին, Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը մոտ ժամանակներս չեն ծրագրում քննարկման դնել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը թույլատրող բանաձև, ինչը Հանրապետական կուսակցության իրենց գործընկերներին քիչ հնարավորություն է տալիս պաշտոնապես ձևակերպելու Թրամփի ռազմական գործողությունները:
Թունը չի բացառել պատերազմի արտոնման հնարավոր քվեարկությունը, սակայն շատ հանրապետական սենատորներ դժվարին միջանկյալ ընտրություններից ամիսներ առաջ կնախընտրեին խուսափել ժողովրդականություն չվայելող ռազմական հակամարտության շարունակման օգտին քվեարկելուց:
Թունը նշել է, որ Թրամփն այս շաբաթ երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը, և նշել է, որ «իդեալական» կլիներ, եթե Թրամփի վարչակազմը և իրանական վարչակարգը կարողանային մոտ ժամանակներս հասնել խաղաղության համաձայնագրի:
Ինչպես նշում է The Hill-ը, Թունը ստիպված է լուծել այն գործընկերների խնդիրները, որոնք անհանգստացած են ժողովրդականություն չվայելող պատերազմով և վառելիքի, պարարտանյութերի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների վրա դրա ազդեցությամբ:
Չորեքշաբթի օրը Սենատի հանրապետականները հինգերորդ անգամ քվեարկեցին այն բանաձևի արգելափակման օգտին, որը նպատակ ուներ Թրամփին թույլ չտալ շարունակելու Իրանի դեմ ռազմական գործողությունները: Սենատոր Ռենդ Փոլը միակ հանրապետականն էր, որը քվեարկեց Թրամփի՝ որպես գլխավոր հրամանատարի լիազորությունների սահմանափակման օգտին, սակայն ավելի շատ հանրապետականներ հնարավոր է քվեարկեն Թրամփին իշխանությունից զրկելու օգտին, եթե հակամարտությունը ձգվի մինչև մայիս:




























