Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջին հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ չեն», եթե դրանց նպատակը պատերազմի ավարտն ու տարածքների վերադարձն է։

Asharq Al-Awsat-ի հարցազրույցում նա ընդգծել է, որ երկխոսությունը չպետք է դիտարկել որպես կապիտուլյացիա, այլ որպես ազգային շահերի պաշտպանության գործիք։

Նախարարի խոսքով՝ Լիբանանը «չի ենթարկվում որեւէ արտաքին ազդեցության կենտրոնի» եւ «ոչ մեկի ձեռքում գործարքի առարկա չէ»։

Ռաջին նաեւ մերժել է Լիբանանի լիովին թուլացած լինելու գաղափարը՝ նշելով, որ նման գնահատականները սխալ են, ինչպես նաեւ հնարավոր բանակցությունների մեկնաբանությունը որպես կապիտուլյացիայի նշան։

Նա նաեւ քննադատել է «Հեզբոլլահ»-ին՝ մեղադրելով այն գործողությունների մեջ, որոնք, նրա խոսքով, չեն համապատասխանում ազգային շահերին եւ վնասում են հարավի բնակիչներին։ Նախարարը նաեւ հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցություններում Լիբանանի դիրքորոշումը կապված չէ իրանական ուղղության հետ՝ ընդգծելով, որ երկրի ներքին որոշումներն այլեւս կախված չեն Իրանի եւ այլ կողմերի միջեւ բանակցությունների առաջընթացից։