Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում ընդլայնել է իրանական նավահանգիստների շրջափակումը մինչեւ գլոբալ մակարդակ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում։
Հեգսեթը հայտնել է, որ ամերիկյան ուժերն արդեն բռնագրավել են Իրանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» երկու լցանավ, որոնք լքել էին նավահանգիստները շրջափակման ուժի մեջ մտնելուց առաջ։
Հեգսեթը նշել է, որ «Epic Fury» գործողությունը «վճռական ռազմական արդյունքների է հասել մի քանի շաբաթվա ընթացքում» եւ որ Իրանը «ի վերջո չի ունենա միջուկային զենք»։ Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ չափանիշներին համապատասխանող բոլոր նավերը, այդ թվում՝ երկրի նավահանգիստներ ուղեւորվող եւ այնտեղից դուրս եկող իրանական նավերը, հետ են ուղարկվում։
Միաժամանակ, նրա հավաստիացմամբ, միջազգային նավագնացության մի մասը շարունակվում է. վերջերս տասնյակ ոչ իրանական նավեր ստացել են տարանցման թույլտվություն։
Պենտագոնի ղեկավարն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն այս հարցում հույսը չի դնում Եվրոպայի վրա՝ ընդգծելով, որ եվրոպական երկրներն ավելի շատ կախված են Հորմուզի նեղուցից, քան Միացյալ Նահանգներից։ Նրա խոսքով՝ Իրանը դեռեւս ունի «հնարավորության պատուհան» բանակցությունների համար, բայց Վաշինգտոնը անհրաժեշտություն չի տեսնում շտապելու կարգավորման հարցում։




























