Գործնականում «Խաղաղության խաչմերուկ» (ԹՐԻՓ) նախագիծը նշանակում է, որ Հայաստանի հարավային մասը կարող է միացվել հյուսիսայինին Նախիջևանի երկաթուղու միջոցով։ World Policy Conference-ի շրջանակում անցկացվող «ԵՄ-ն իբրև ռազմավարական գործընկեր. Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Ըստ նրա՝ «աջակցություն ԹՐԻՓ նախագծին» ձևակերպումը, թերևս, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ամենաճշգրիտ նկարագրությունը չէ, քանի որ, նախ՝ ԹՐԻՓ-ն ամբողջությամբ Հայաստանին պատկանող նախագիծ է, և երկրորդ՝ Հայաստանն ինքն է շատ շահագրգռված տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ։
ԹՐԻՓ-ը սոսկ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապ չէ. այն շատ ավելի մասշտաբային և ռազմավարական նախագիծ է՝ ուղղված Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելուն, ինչպես նաև փոխադարձ շահի ապահովմանը։ Գործնականում դա նշանակում է նաև, որ Հայաստանի հարավային հատվածը Նախիջևանի երկաթուղու միջոցով կարող է միացվել հյուսիսային հատվածին։ Ապաշրջափակման շնորհիվ ոչ միայն Արևելքը Արևմուտքի, այլև Պարսից ծոցը՝ Սև ծովի հետ կապելու հնարավորություն կստեղծվի, ինչը հսկայական փոփոխություն կլինի ամբողջ տարածաշրջանի համար, վստահեցրել է փոխնախարարը։
«Մենք շատ շահագրգռված ենք այդ նախագծի իրականացմամբ։ Ամերիկացի գործընկերների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում, թե ինչպես ենք Հայաստանում ստեղծելու հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Մենք արդեն սկսել ենք ոչ միայն տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախապատրաստումը, այլև հաղորդակցությունների հաստատումը հենց տարածաշրջանում։ Օրինակ՝ օգոստոսի 8-ից հետո մենք ունենք Ղազախստանից ցորենի ներկրման նախադեպ Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ուղիներով։ Դա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է աշխատել տարածաշրջանային համագործակցությունը և ինչպես լրացուցիչ փոխկախվածությունների ստեղծումը կարող է զգալիորեն նպաստել կայունության և խաղաղության հաստատմանը»։
Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, Կոստանյանը նշել է, որ օգոստոսի 8-ից հետո երկու երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Այժմ տնտեսական կապերի խորացման միջոցով ընթացքի մեջ է «խաղաղության ինստիտուցիոնալացումը»։
«Մենք արդեն սկսել ենք երկկողմ ուղիղ առևտուր՝ վառելիք ներկրելով Ադրբեջանից, և հույս ունենք, որ մոտ ապագայում կհստակեցնենք նաև այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստանից կարտահանվեն Ադրբեջան։ Միաժամանակ աշխատում ենք մարդկային շփումների ուղղությամբ. կազմակերպվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ ոչ միայն արտերկրում, այլև հենց Հայաստանում և Ադրբեջանում»։
Կոստանյանը կարևորել է նաև Վրաստանի հետ հաստատված եռակողմ խորհրդակցությունների ձևաչափը և նշել տարածաշրջանային համագործակցության մեծ հեռանկարները ոչ միայն երեք պետությունների, այլև ավելի լայն հարևանության շրջանակում։



























