Հայաստանի կառավարությունը հաստատել է «ՄԱԿ-ի ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական ազգային զեկույցը: Հայաստանն այդ կոնվենցիան վավերացրել է 1993թ. հունիսի 23-ին եւ իբրեւ մասնակից-պետություն` պարտավոր է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պարբերաբար ներկայացնել համապատասխան զեկույցներ, որոնք հանձնվելու են ռասայական խտրականության վերացման հարցերի կոմիտեի քննարկմանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ զեկույցը բովանդակում է կոնվենցիայի դրույթների կատարման 2002-2009թթ. հաշվետվությունը: Հաստատվել է նաեւ ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցման նպատակով կնքվող քաղաքացիա-իրավական պայմանագրով տրվող սուբսիդիայի հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը: