Ոստիկանի հեղինակության բարձրացմանն ուղղված ոստիկանապետի ակցիան շարունակվում է:
Նոյեմբերի 27-ին էլ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում 2-րդ ժամին դասախոսություն կարդաց ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Հայկ Սարգսյանը: Վերջինիս ներկայացնելիս՝ բուհի ռեկտոր Արտյուշ Ղուկասյանը կոչ արեց հարգել ոստիկանի աշխատանքը եւ հասկանալ, որ նրանք քաղաքացիների բարեկամն են:
Հայկ Սարգսյանը ճանապարհային երթեւեկության կանոնները, ոստիկանների պարտականություններն ու իրավունքները ծավալուն ներկայացրեց ուսանողներին: Չնայած Սարգսյանը ճիգեր էր գործադրում, որ դասը մի քիչ աշխույժ ու հետաքրքիր անցնի, սակայն այդպես էլ ապագա իրավագետների մոտ աշխուժություն չնկատվեց:
Ճանապարհային ոստիկանության կարգուկանունով չհետաքրքրվող ապագա իրավագետների ու իրավապահների ձանձրույթը նկատելով՝ պարոն Սարգսյանը փորձեց մանթրաժից դուրս գալ՝ հույս հայտնելով, որ հավանաբար իր դեմ նստած են ապագա օրինապահ ոստիկաններ:
Տրամաբանական է՝ ուսանողների անտարբերությունը դասախոսի ու թեմայի նկատմամբ, մոտ երկու տասնյակ իրավագետներից փորձեցինք պարզել, թե ովքեր են ցանկանում աշխատել՝ որպես ճանապարհային ոստիկան: Հարցը լսելուն պես վիրավորված մեզ էին նայում ու գլուխը բացասական շարժում:




























