Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո Ազգային ժողովում, կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորների 20 տոկոսը պետք է կանայք լինեն: NEWS.am-ը փորձել է պարզել, թե մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցություններն իրենց համամասնական ցուցակում քանի կանանց են նախատեսում ընդգրկել, ովքեր են լինելու «ընտրյալները» եւ այլն:
Այսպես, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քանի դեռ ՀՀԿ-ի գործադիր մարմնում չի քննարկել կանանց «ճակատագիրը», թե ովքեր պետք է լինեն համամասնական ցուցակում, ինքը չի կարող որեւէ բան ասել: Անդրադառնալով ներկայումս ՀՀԿ-ական կին պատգամավորների` Կարինե Աճեմյանի, Հերմինե Նաղդալյանի, շանսերին` հայտնվելու ցուցակում, նա նշեց, որ նրանք արդյունավետ աշխատել են ՀՀԿ-ի կազմում:
Նույն խնդրին անդրադառնալով, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը որպես ԲՀԿ համամասնական ցուցակում ընգրկվելու պոտենցիալ թեկնածուներ, թվարկեց ներկա ԲՀԿ-ական կին պատգամավորներին` Գոհար Ենոքյանին, Նաիրա Զոհրաբյանին, ինչպես նաեւ ծանրամարտի աշխարհի չեմպիոն, վերջերս ԲՀԿ անդամ դարձած Նազիկ Ավդալյանին, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանին:
Դիտարկմանը, թե Գոհար Ենոքյանը մշտապես նշվում է որպես ԱԺ-ի երկու կին գործարարներից մեկը, մինչդեռ իշխանություններն անընդհատ հորդորում են, որ գործարարները չլինեն ԱԺ-ում, նա արձագանքեց. «Գոհար Ենոքյանը երբեք ու երբեք գործարար չէ: Նա սովետական ժամանակներից եղել է ձեռնարկության ղեկավար, այնուհետեւ նոր արժեքների պայմաններում նա աշխատել է, որ այդ գործարանը գործի, սակայն, այս պահի դրությամբ, նման խնդիր չկա»:
Այլ անուններ պատգամավորը չկարողացավ հիշել` միաժամանական չհամաձայնելով տեսակետին, թե ԲՀԿ-ում կանայք «քչություն են անում»: Անդրադառնալով սեռերի համամասնությանը ԱԺ-ում` պատգամավորը նշեց, որ կանայք մեր կյանքում շատ կարեւոր տեղ ունեն եւ պետք չէ հարաբերակցություն դնել, եթե կինը կամ տղամարդը կարող է ավելի լավ անել այդ գործը, պետք չէ խնդիր դնել:
«Օրինաց երկիր» կուսակցությունն առայժմ միակն է, որ իր համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը հատկացրել է կնոջ` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Իսկ թե ովքեր կլինեն ՕԵԿ-ի ցուցակում մյուս կանայք, ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմաթիվ ակտիվ կանայք ունեն, որոնք նորմալ մարդիկ են, սակայն չցանկացավ կոնկրետ անուններ նշել, որպեսզի չնեղացնի իր կուսակիցներին: Նրա խոսքով` կուսակցության համամասնական ցուցակն ամբողջապես կքննարկվի ՕԵԿ համագումարին: Նա եւս կողմնակից է կանանց ԱԺ-ում ավելի շատ տեղ հատկացնելուն` նշելով, որ թեեւ կինը մեզ մոտ ընկալվում է ավելի շատ որպես ընտանիքի մայր, բայց պետք է նրան հնարավորություն տալ դրսեւորվել նաեւ քաղաքականությունում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենց կին պատգամավորները` Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Զարուհի Փոստանջյան, շատ ակտիվ են իրենց դրսեւորել եւ հնարավոր է, լինեն «Ժառանգության» համամասնական ցուցակում, թեեւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել: Նա չցանկացավ այլ կանանց անուններ նշել` դա նպատակահարմար չհամարելով, քանի որ կուսակցությունում քննարկումներ չեն եղել:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգության» դեպքում հակառակը լինի` ցուցակում ամեն հիգերորդը տղամարդ լինի, ոչ թե կին, նա նշեց, որ չի կարծում այդպես լինի, իրենց մոտ սեռերի հավասարություն է, թեեւ հավելեց, որ ինքը կցանկանար, որ ԱԺ-ում կանանց թիվը 20 տոկոսից հասցվի 30 տոկոսի:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քննարկել են կուսակցության ցուցակի կազմման սկզբունքները, բայց համամասնական ցուցակը չեն քննարկել: Նրա խոսքով` ցուցակում կարող են լինել եւ դաշնակցական եւ ոչ դաշնակցական կանայք:
ՀԱԿ մամուլի խոսնակ Արմանը Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն համաձայնության են եկել համամասնական ցուցակը ձեւավորելու սկզբունքների վերաբերյալ, բայց անձանց խնդիր չեն քննարկել: Նա եւս ձեռնպահ մնաց կանանց անուններ նշելուց` պատճառաբանելով, որ ցուցակը դեռ պատրաստ չէ եւ երբ պատրաստ լինի, բոլորը կիմանան, ըստ որում` օրենքի պահանջը սեռերի համամասնության վերաբերյալ, կպահպանեն: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների ՀԱԿ-ի ցուցակի 6-րդ հորիզոնականում լինելու է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» 155-րդ հոդվածի համաձայն` կուսակցության, կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:



























