«Մենք մշտապես հույս ենք ունեցել եւ այժմ էլ շարունակում ենք հուսալ, որ վիրահայոց թեմի՝ անմխիթար վիճակում գտնվող բոլոր եկեղեցիները մի օր վերականգնվելու են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամը։

Ընդգծելով, որ ինքը մասնագետ չէ եւ չի կարող հաստատել կամ հերքել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի դիտարկումներն այն մասին, թե Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին վերականգնել այլեւս հնարավոր չէ, նա ճիշտ համարեց, որպեսզի «դրա մասին խոսեն մասնագետները»: Տեղեկանալով, որ ՀՀ մշակույթի նախարարությունն արդեն իսկ Վրաստան է գործուղել համապատասխան մասնագետի, Տեր Վահրամը գոհունակություն հայտնեց, սակայն խորհուրդ տվեց չշտապել եզրակացություններ անել եւ սպասել մասնագիտական եզրակացությունների։

Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ վիրահայոց թեմի մյուս եկեղեցիները կործանումից փրկելու համար, նա նշեց, որ «ե՛ւ վիրահայոց թեմը, ե՛ւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնարավորին չափով փորձում են փրկել կիսախարխուլ եկեղեցիների ճակատագրերը»: Որպես ասվածի վկայություն՝ Տեր Վահրամը նշեց, որ Մայր Աթոռի ջանքերով վերականգնման փուլում է գտվում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որը եւս ոչ վաղ անցյալում փլուզման եզրին էր կանգնած։ «Խնդիրները շատ են. Վրաստանի տարածքում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնք վերադարձված չեն վիրահայոց թեմին, հետեւաբար մենք իրավասու չենք միջամտել դրանց վերականգնմանը, սակայն հուսով ենք, որ վիրահայոց թեմն, ի վերջո, իրավաբանական կարգավիճակ կստանա. այլ կերպ չի կարող լինել»,- եզրափակեց Տեր Վահրամը։