Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում շատ նորմալ ընտրապայքար է ակնկալում: Գրիգորյանի մրցակիցը լինելու է գործարար Արման Սահակյանը, ում թեկնածությունն առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

«Շատ լավ շատ նորմալ ընտրապայքար եմ ակնկալում, սովորական պայքար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտուն Գրիգորյանը: Վերջինս բացարձակապես որեւէ մտավախություն չունի, թե իր դեմ կարող են վարչական լծակներ կիրառվել:

Հարցին, թե 34 ընտրատարածքում իրար դեմ պայքարում են կառավարող կոալիցիայի երկու ներկայացուցիչներ, հնարավո՞ր է արդյոք, որ իրեն առաջարկեն լքել ընտրապայքարը, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե առաջարկության տեղ կա, պետք է առաջարկությունն անեն նրան, ով նոր է ցանկություն հայտնում առաջադրվելու: Ես տվյալ տարածքի գործող պատգամավորն եմ, իմ թեկնածությունը առաջադրել եմ ու միանշանակ հաղթելու եմ: Վստահ եմ իմ հաղթանակին»:

Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվել: Նա, սակայն ընդգրկված կլինի ԲՀԿ համամասնական ընտրացուցակում, թեեւ դեռ չգիտի, թե որ համարում: «Մեր մոտ գնահատում են ըստ կատարած աշխատանքի: Կցված են որեւէ ընտրատարածքի, այդ ընտրատարածքում որքան ձայն բերում են, դառնում են առաջնահերթ»,- նշեց Գասպարյանը: Պատգամավորը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե երկրի ղեկավարությունը չի ցանկանում, որ Գասպարյանը լինի ԲՀԿ ցուցակում: «Նման բան չկա: Նման բան իմ կուսակցության ղեկավարն ինձ չի ասել, ես ուղղակի մամուլից եմ կարդացել»,- նշեց Ռուստամ Գասպարյանը:

Նշենք, որ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել հանրապետական գործարար Ալեքսան Պետրոսյանը, իսկ Նահապետ Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանը կառաջադրվեն համապատասխանաբար ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրացուցակներով: