Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր` մարտի 22-ին, այցելել է Վանաձորի մի շարք միջնակարգ դպրոցներ եւ ընդհանուր հանդիպում ունենալով ուսուցիչների եւ աշխատակազմի հետ` կոչ է արել ակտիվություն ցուցաբերելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստապես դատապարտում է պաշտոնատար անձի նման պահելաոճը եւ հիշեցնում, որ
1. ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն … արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար: Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն… Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետեւաբար, մարզպետը իրավասու չէ օգտագործել իր պաշտոնեական դիրքը` ի օգուտ ՀՀԿ քարոզչություն իրականացնելու համար:
2. ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն … Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը …: Հիշեցնենք, որ այսօր`2012 թվականի մարտի 22-ը դեռեւս թեկնածուների առաջադրման վերին օրն է: Հետեւաբար, նախընտրական քարոզչություն իրականացնելը դեռեւս արգելված է օրենսդրությամբ:
3. Արգելվում է աշխատանքային ժամանակը օգտագործել այլ նպատակների համար:
Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ՀՀ վարչապետին համապատասխան միջոցներ ձեռք առնել ՀՀ Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի գործողություններին համապատասխան որակում տալու եւ հետագայում նմանատիպ իրավիճակների կանխարգելման համար»:




























