Թիվ 19 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրած նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` «ընդդեմ մրցակից Սեդրակ Սարոյանի (գեներալ Սեյրան-խմբ) եւ հանուն արդարության»: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»):

Նա դիմումում գրել, է, որ խախտվել է սահմանադրական իրավունքը, եւ եթե Խաչատուր Սուքիասյանին չեն գրանցել` պատճառաբանելով, որ նա վերջին հինգ տարում չի ապրել Հայաստանում, ապա ինչո՞ւ են գրանցել թիվ 19 ընտրատարածքում թեկնածությունը առաջադրած Սեդրակ Սարոյանին: Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ ինքը փաստացի տվյալներ ունի, որ վերջին 5 տարում Սեդրակ Սարոյանը անընդմեջ չի բնակվել Հայաստանում, այդ հարցում նրան օգնել են Ուկրաինայի եւ Մոսկվայի իր կողմնակիցները եւ որպես ապացույց` համապատասխան փաստաթղթեր են վերցրել` ներկայացնելու իշխանությանը, որ »եթե իշխանությունները չհասկանա, ապա գոնե հասարակությունը կիմանա»:

«Խաչատուր Սուքիասյանի դեպքը նախադեպ է, իսկ նախադեպային ինստիտուտը Հայաստանում գործում է, մենք վերցնում ենք այդ նախադեպը եւ ասում ենք, որ եթե դա տարածվում է Խաչիկ Սուքիասյանի վրա, ապա պետք է մյուս թեկնածուների վրա էլ տարածվի»,- նշեց նա` շեշտելով, որ կամ Խաչատուր Սուքիասյանին էլ գրանցեն, կամ էլ երկուսին էլ մերժեն: Նա հույս ունի, որ իր դիմումին պատասխան կտրվի 3 օրում:

Իսկ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ դիմումը արդեն վարույթ է ընդունվել, այն կուսումնասիրվի եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն, կդիմեն համապատասխան ատյաններ: