NEWS.am-ը հրապարակում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ամբողջ տեքստը.
Հարգելի Նախագահող,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում նախագահող Հունաստանին, ողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի եւ Կորֆուում, ինչպես եւ այստեղ՝ Աթենքում ցուցաբերած հյուրընկալության համար:
Պարոն Նախագահող,
Կորֆուի գործընթացը կարեւոր ձեւաչափ տվեց՝ վերհանելու եւ բաց կերպով քննարկելու առավել արդիական հարցերը, որոնց հետ բախվում է ԵԱՀԿ-ն ներկայումս: Նման քննարկումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ ավելի շուտ հնարավորություն՝ արտահայտելու մեր մտքերն ու հայացքները ոչ պաշտոնական միջավայրում, կենդանացնելու մեր ընդհանուր օրակարգի առանցքային հարցերին վերաբերող երկխոսությունը:
Լինելով խաղաղության եւ կայունության ամրացման նպատակ հետապնդող կազմակերպություն, ԵԱՀԿ-ն պետք է վերանայի իր գործիքներն ու գնահատականներ ներկայացնի առաջացած խնդիրների լուծման գործում դրանց արդյունավետության վերաբերյալ: Արդյունավետ լինելու համար այդ գործընթացը պետք է հիմնված լինի հավասար անդամության եւ մասնակից-երկրների նկատմամբ հավասար վերաբերմունքի վրա: Առաջին հերթին կարեւոր է մեր ջանքերը կենտրոնացնել ԵԱՀԿ, նրա հաստատությունների արդյունավետության վրա եւ քայլեր կատարել, բոլոր երեք հարթություններում մեր գործունեությունը հավասարակշռելու ուղղությամբ:
Միջազգային անվտանգության փոփոխվող պատկերը մեզ նույնքան խոցելի է դարձրել ավանդական եւ նոր մարտահրավերների պայմաններում: Տրանսազգային խնդիրների դեմ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր եւ համարժեք քայլեր:
ԵԱՀԿ գոտում իրադարձություններն ընդգծում են եվրոպական անվտանգության ճարտարապետության ադապտացիայի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նոր իրողությունները, որոնք պետք է ուշադրություն դարձնեն առկա բոլոր խնդիրների վրա: Մենք կրկին հայտարարում ենք Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի գաղափարի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, որը կհաստատի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հավասարությունը եւ կհանգեցնի համընդգրկուն եւ անքակտելի անվտանգության: ԵԱՀԿ գոտում բանակցությունների կարեւոր ռաունդ էր սպառազինությունների վերահսկողության համաձայնագիրը: Մենք, մասնավորապես, գնահատում ենք սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը միտված ջանքերը, այդ թվում 1999թ. Վիեննայի պայմանագրի նախաձեռնությունների շրջանակում: Այդ համատեքստում Ադրբեջանն որպես անհամապատասխանության օրինակ պետություն է, որը զգալիորեն գերազանցել է պահուստների առավելագույն մակարդակը, եւ երկու դասակարգումներով՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների Պայմանագրի դրույթների ու ռազմական հռետորաբանության հետ միատեղ անհանգստություն են առաջացնում այդ երկրի իրական մտադրությունների մասին: Ադրբեջանը խախտում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չգործադրման կամ գործադրման սպառնալիքից հրաժարվելու սկզբունքը:
Հաջորդ տարի մջազգային հանրությունը տոնելու է Երկրորդ Աշխարհամարտի 65 ամյակը: Այդ ահռելի աղետից եւ ողբերգությունից հետո Եվրոպայի առաջնորդները, ղեկավարվելով ապագա սերունդների համար միացյալ եւ բարգավաճ ապագայի տեսլականով, հիմք են դրել մայրցամաքում համագործակցությանը եւ կայունությանը, պայմաններ ստեղծելով բոլոր ժողովուրդների արժանավայել եւ կայուն կյանքի համար: Ղեկավարվելով նույն հայացքներով Հայաստանի նախագահը նախաձեռնություն առաջ քաշեց՝ միտված Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, որի մասին ես տեղեկացրել եմ հարգելի խորհրդին դեռ անցած տարի: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ նշել, որ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների եւ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները, մենք զգալի քայլ ենք կատարել թուրքական կողմի հետ միասին: Հաջորդ կարեւոր քայլը, որ կողմերը պարտավորվել են կատարել, արձանագրությունների վավերացումն է: Մենք հույս ունենք, որ այդ կարեւոր քայլը կարվի, Հայաստանն ու Թուրքիան կանցնեն ձեռք բերված համաձայնությունների կատարմանը: Չհիմնավորված ձգձգումներն ու նախապայմանները, նաեւ այն ղարաբաղյան գործընթացի հետ կապելու փորձերը կարող են վնաս հասցնել երկու պետություններին: Մենք շնորհակալ ենք միջազգային հանրությանը՝ ներառյալ Շվեյցարիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային եւ Եվրամիության մյուս անդամներին այդ գործընթացին օգնելու համար: Սակայն, չնայած աշխարհի բոլոր երկրների ուժեղ աջակցությանը, մեր մեջ կա կազմակերպության մի անդամ՝ Ադրբեջանը, որը հանդես է գալիս ԵԱՀԿ անդամ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման գաղափարի դեմ, եւ, հետեւաբար, հակասում է այն արժեքներին, որի վրա հիմնված է այդ կազմակերպությունը:
Այդ արժեքներին հավատարիմ մնալով Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին: Այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վեց անգամ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որը մնում է բանակցությունների ամուր հիմք: Թեեւ բանակցային գործընթացում կողմերը որոշակի առաջընթացի են հասել Մադրիդյան փաստաթղթի քննարկումներում, դեռ կան հարցեր, որ անհրաժեշտ է լուծել: Հայաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վրա, որոնք երեկ արտացոլվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ:
Մենք վստահ ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի հնարավորույթուն ստեղծելու համար կողմերը պետք է զերծ մնան խաղաղ գործըթնացին խոչընդոտող քայլերից, ներառյալ հակամարտության էությունն ու ընթացող բանակցությունները խեղաթյուրելու փորձերից, որ արվեցին Ադրբեջանի նախարարի ելույթում:
Պարոն նախագահող,
Այս արագ փոփոխվող միջազգային իրադրության ժամանակ կարեւոր է, որ մենք, որպես առանձին անդամ-երկրներ եւ ամբողջական կազմակերպություն շարունակենք հետեւել մեր պարտավորություններին եւ խստորեն պահպանենք մեր հավաքական պահվածքը համակարգող սկզբունքներն ու օրենքները։ Այդ պահանջի չկատարումը կարող է այս կազմակերպության ամրացմանն ուղված մեր ջանքերը տապալել, եւ, հետեւաբար, անհրաժեշտ է ընդլայնել յուրաքանչյուր անդամ-երկրի ԵԱՀԿ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման ներդրում կատարելու հնարավորությունները։
Ի ամփոփումն ես կցանկանայի ամենայն հաջողություն մաղթել Ղազախստանին, որը նախագահելու է ԵԱՀԿ-ում, նաեւ հավաստիացնել իմ հարգելի ղազախ գործընկերոջը, որ նա կարող է հույս դնել Հայաստանի աջակցության վրա՝ նախագահության եւ նախատեսվող գագաթաժողովի հաջող կազմակերպման օրակարգի գործում:
Շնորհակալություն




























