Երեւանի թիվ 11 ընտրատարածքի 15-րդ ընտրատեղամասի ընտրական ցուցակում Գարեգին Նժդեհ փողոցի 35-րդ շենքի 11-րդ բնակարան հասցեում 101 քաղաքացիներ են գրանցված, որի կապակցությամբ գործը դատախազությունն այսօր` մարտի 30-ին, կուղարկի ոստիկանություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու եւ ստուգելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարցին, թե քրեական գործ հարուցվելու հավանականություն կա՞, թե` ոչ, նա արձագանքեց. «Ստուգման արդյունքներից պարզ կդառնա: Մենք նոր ենք ուղարկել ոստիկանություն եւ ոստիկանության կողմից ստուգվելուց հետո նոր կարող ենք այդ հարցին պատասխանել»:
Հարկ է նկատել, որ այդ 101 քաղաքացիներից 6-ը` Այվազյան Գագիկը, Այվազյան Մամիկոնը, Թամարյան Աիգազը, Նազլույան Արթուրը, Նուրբեկյան Ալբերտը, Նուրբեկյան Սասունը Վրաստանի Նարդեւան գյուղի բնակիչներ են եղել:




























