Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ոստիկանության բաժնում մահացած Լեւոն Գուլյանի գործով նախնական բողոքը:
Փետրվարի վերջին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանը եւ Արամ Կարախանյանը Լեւոն Գուլյանի գործով նախնական բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ից ստացել են հաստատում եւ 2 ամիս ժամանակ՝ հիմնական բողոքն ուղարկելու համար:
Նշենք, որ Լեւոն Գուլյանը մահացել էր 2007 թ.-ի մայիսի 12-ին ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում, ըստ հարազատների, նրան սպանել էին:
Hra.am-ը հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը 4–րդ անգամ կարճեց Գուլյանի գործի վարույթը՝ չկատարելով Վճռաբեկ դատարանի որոշումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ չի կատարում Վճռաբեկ դատարանի վճիռը, այն է՝ վերսկսել Լեւոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը եւ վերացնել նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների եւ ազատությունների խախտումները։
Գործի վարույթը կարճելու վերջին որոշումը ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանը կայացրել է 2012թ. փետրվարի 8-ին: Քննիչ Գաբրիել Պետրոսյանն իր աշխատանքային գործունեության վերջին ընթացքում տարին մեկ այս գործը կարճում է՝ առանց որեւէ գործողություն կատարելու։ Նույն քննիչը գործը կարճել է 2008թ. մարտի 18–ին, 2009թ. ապրիլի 16–ին, 2011թ. մարտի 21–ին եւ 2012թ. փետրվարի 8–ին։ Իսկ այս ամսաթվերի միջանկյալ ժամանակահատվածում Գուլյանի իրավահաջորդն անցնում է ՀՀ դատական ատյաններով՝ կարճման որոշումը բողոքարկելով. արդեն գրեթե 5 տարի։




























