Ոսկերչական զարդերի արտահանումը Հայստանում նվազել է մոտ 50 տոկոսով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող գործարար, որը չցանկացավ հրապարակել անունը։ Նրա խոսքով՝ ոլորտի ձեռնարկատերերի գլխավոր խնդիրը զարդերի իրացումն է։ «Տեղական շուկայում գրեթե գնորդ չկա, մարդկանց մոտ փողի պակաս կա, ոսկեղեն գնելու մասին չեն էլ մտածում, արտասահմանում էլ վիճակը մի քիչ բարվոք է, բայց այնտեղ էլ ավելի խիստ մրցակցություն է»,- նշեց գործարարը՝ ավելացնելով, ոսկու գների աճն ավելի է վնասում ոսկերչությանը։
Խոսելով պետական իշխանավորների այն հայտարարությունների մասին, որ պետությունը ամեն ինչ անելու է ոսկերչության զարգացման համար, նա նշեց, որ գործնականում ոչ մի քայլ չի կատարվել։ «Իշխանությունն ամեն անգամ մի գեղեցիկ բան են հայտարարում, բայց դա հայտարարություն է մնում։ Իրականում ոչինչ չի փոխվել ու չենք էլ հավատում, որ կփոխվի»,- ասաց ոսկերչական արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավարը՝ ավելացնելով, որ կառավարության օգնությունն այն կլինի, որ պարզապես չխանգարեն ձեռնարկատերերին։
Ըստ նրա՝ ոսկերչության զարգացման մասին առաջին անգամ չէ, որ պաշտոնական հայտարարություններ են հնչում, բայց զարգացման տեմպերը նույնն են մնում։ «Մենք այսքան ժամանակ միայնակ ենք դիմացել դժվարություններին, ճգնաժամն էլ միայնակ ենք հաղթահարում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս տարի բազմաթիվ մանր ձեռնարկատերեր են սննկացել, իսկ խոշորներն էլ մեծ կորուստներ են ունեցել։
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարեց, որ պետությունը ոսկերչության զարգացման լուրջ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի հայկական ոսկերչական իրերը համաշխարհային շուկայում զգալի տեղ զբաղեցնեն։




























