Հայաստանի վարչական դատարանն այսօր` ապրիլի 4-ին մերժել է գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը:
Սուքիասյանը պահանջել էր չեղյալ հայտարարել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` մարտի 28-ին ընդունած թիվ 6-Ա որոշումը, որով մերժվել էր Սուքիասյանի պատգամավորի թեկնածու գրանցումը:
Նշենք, որ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը չեղյալ էր հայտարարել ավելի վաղ տրամադրած տեղեկանքը` նշելով, որ Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, 10 ամիս եւ 20 օր բացակայել է: Այդ հիմքով էլ մերժվել էր Սուքիասյանի գրանցումը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ
Խաչատուր Սուքիասյանը մտադիր է շարունակել պայքարը եւ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ներպետական ատյանները սպառվել են, քանի որ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ: Միգուցե խնդիր առաջանա օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը վիճարկելու ՍԴ-ում»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ ՄԻԵԴ անպայման կդիմեն, իսկ ՍԴ դիմելու հարցը քննարկվում է:




























