NEWS.am-ը նկատելի կրճատումներով ներկայացնում է իսպաներենով լույս տեսնող ամերիկյան «Vivelohoy» պարբերականում հրապարկված Ջեֆ Քելի Լովենշտեյնի հոդվածը.

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հարցազրույց է տվել ամերիկյան «Chicago Tribune»-ին` խոսելով Թուրքիայի նոր սահմանադրության, Իրանի, Իրաքի եւ Իսրայելի հետ հարաբերությունների մասին:

Դրանք բոլորը կարեւոր հարցեր են, սակայն հետաքրքիր էր լսել Գյուլի կարծիքը մեկ այլ կարեւոր հարցի` թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման մասին:

Քննդատելով ֆրանսիական օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, Գյուլն ասաց, որ խոսքի ազատությունը «բոլոր ազատությունների հիմքն է»:

Ես հարցրեցի Գյուլին` ծրագրո՞ւմ է նրա կառավարությունը վերացնել այդ խոչընդոտը եւ ե՞րբ իր երկրում վերջ կդրվի Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այդ հարցի պատճառով ես կարող էի հետապնդման ենթարկվել, եթե լինեի Թուրքիայում:

Գյուլն ասաց, որ Թուրքիայում գոյություն ունի Հայոց ցեղասպանության բաց քննարկում: «Մարդիկ հայկական հարցի մասին ազատ կարող են ասել այն, ինչ ուզում են: Այդ մասին հնարավոր է խոսել»,-ասաց նա:

Գուցե հնարավոր է, սակայն այդ խոսակցություններն ունենում են հետեւանքներ: 301-րդ հոդվածը վերացական հասկացություն չէ, որը կիրառվել է տասնյակ լրագրողների  եւ գրողների նկատմամբ վերջին տասնամյակում:

Մի պահ զրույցի ժամանակ Գյուլը խոսեց «ընդհանուր ցավի եւ տառապանքների մասին», որոնց հետ բախվել էին հայերն ու թուրքերը: Նա ասաց, որ հայերի սպանությունը այնպիսին չէր, ինչպես Հոլոքոստի ժամանակ սպանությունները: Գյուլի վերջնական պնդման մեջ թուրքերը, այլ ոչ թե հայերն են ներկայանում որպես պատմական հիշողության պայքարի զոհ: «Մենք չպետք է պատմությունն օգտագործենք  որպես ապագա սերունդներին ատելություն սերմանելու միջոց»,-ասաց նա: