Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը օրերս դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ նրա հայցը ստացվել է հուլիսի 9-ին: Պատասխանող կողմը ՀՀ կառավարությունն է:

Վահե Էլոյանը պահանջում է Կառավարության անհատական իրավական ակտն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:  Առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտցվել է վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ: Ի դեպ, Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ազգային Ժողովում: Սկզբից հայտարարվել էր, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, սակայն հետո պարզ դարձավ, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել, նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի: Մեր տեղեկություններով` Յուրի Վարդանյանի եւ Վահե Էլոյանի միջեւ պայմանավորվածություն է եղել աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ, սակայն Վահե Էլոյանն այդպես էլ չի գրել դիմում: