News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Մյասնիկյան պողոտայում  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարի ենթարկվելու դեպքով նախաքննությունը շարունակվում է,  դրա վերաբերյալ մանրամասներ հարազատներին հայտնի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի մայրը՝ Լիանա Պողոսյանը:

Նա դեռ չի հանդիպել գործով զբաղվող քննիչին, ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը ընթանում է, եւ քննիչը անձամբ կապ կհաստատի ընտանիքի հետ: Լիանա Պողոսյանի համար հանելուկ է, թե որն է որդու վթարի ենթարկվելու պատճառը, քանի որ, մոր փոխանցմամբ, որդին ալկոհոլ չէր օգտագործում, մեքենան արագ չէր վարում:

«Իմ երեխան այն յուրահատուկ դերասաններից էր, որ երբեք չէր խմում, գուցե անփորձություն է եղել, անկանխատեսելի մի վիճակ, սարսափելի թյուրիմացություն վայրկյանների ընթացքում: Նա շատ լավ էր տիրապետում մեքենային, շատ էր սիրում վարել: Գուցե թեթեւակի արագ է վարել, գուցե ինչ-որ այլ պատճառ է եղել, բայց ես տեղյակ չեմ»,-ասաց Լիանա Պողոսյանը:

Որդու կորստից հետո նա դեռ ուշքի չի գալիս, ասում է՝ այդ սարսափելի ցավը կա եւ կլինի իր հետ: Այժմ ավելի շատ գտնվում է պառկած վիճակում՝ բժիշկների հսկողության տակ, դեղորայք է ընդունում: «Շատ եմ ուզում գնալ աշխատանքի, շարունակել փորձերն ու ներկայացումները, հուսով եմ, որ մի քանի օրվա ընթացքում կկազդուրվեմ եւ կկարողանամ նորմալ աշխատել եւ ամեն ինչ անել թատրոնի համար՝ ի հիշատակ իմ տղայի»,- ասաց Երվանդի մայրը:

Ի դեպ, դերասանի ծնողները  եւ բարեկամները խորին շնորհակալություն են հայտնում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին, գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ ֆինանսական օգնության եւ հոգեհանգստի արարողություները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ