Հայաստանում պետպատվերի շրջանակում արվող պատվաստումները երեխաները սովորաբար դժվար են տանում, դրա համար էլ դեղագետ Անահիտ Մանուկյանը իր երեխաներին դրանցով չի պատվաստում, իր գումարով թանկ պատվաստանյութեր է գնում։
«Սովորաբար մեր պոլիկլինիկայի վակցինաները ջերմություն, թուլություն են առաջացնում, իսկ իմ գնած պատվաստանյութը ոչ մի կողմնակի երևույթ չի առաջացնում: Երկու երեխաներիս էլ բոլոր պատվաստումներն արել եմ ու հենց այդ ընկերության պատվաստանյութով, ու ոչ մի խնդիր չի առաջացել»,- NEWS.am-ին ասաց Անահիտը։
Դեղագետի խոսքով՝ ԿԿԽ պատվաստանյութի ներարկումից 6-12 օրերի ընթացքում կարող է զարգանալ կարմրուկի, կարմրախտի կամ խոզուկի թեթև կլինիկա, պետպատվերով ներարկվող մյուս պատվաստանյութերից էլ առաջանում է ջերմություն, թուլություն: «Երկրորդ բալիկիս ընդհանրապես ԿԿԽ չեմ պատվաստելու: Պատճառը չեմ ասի, բայց չեմ թողնելու»,- ասաց նա։
Երկու փոքրիկների մայր Աննա Հովհաննիսյանը դեղագետ չէ, բայց նա էլ ծանոթ բժշկների խորհրդով իր երեխաներին անվճար պատվաստանյութով չի պատվաստել։ «Դեղատնից եմ առնում 25 հազար դրամով, 5000 դրամ էլ տալիս եմ սրսկելուն: Կարևորն այն է, որ պատվաստելուց հետո տղաս ոչ մի գանգատ չի ունենում: Ոչ ջերմություն, ոչ թուլություն, ոչ գրիպ: Ծանոթ բժիշկներ ունեմ, որոնք խորհուրդ են տալիս պոլիկլինիկայի անվճար պատվաստանյութերից չօգտվեմ` ասելով, որ կարող է՝ հին լինեն»,- NEWS.am-ին ասաց Աննան։
Ոչ անվճար, ոչ էլ թանկ պատվաստանյութերից ընդհանրապես չի օգտվում ազգությամբ հնդիկ, Հայաստանում որպես թերապեւտ աշխատող Սուջլա Շուկլան։ «Երեխաներիցս ոչ մեկին էլ չեմ տարել պատվաստման, որովհետև վակցինաները պատրաստված են շատ վտանգավոր նյութերից, որոնք կարող են վնասել երեխաների իմունային համակարգը, որովհետև իմունային համակարգը դեռ ձևավորված չի լինում այդ տարիքում»,- NEWS.am-ին ասաց բժիշկը:
Սյունիքի մարզի բնակչուհի Մարինե Գրիգորյանն էլ NEWS.am-ին պատմեց, որ պատվաստումը ճակատագրական է եղել իր որդու համար։ «Դիֆթերիայի դեմ պատվաստելու օրը բժշկուհին տղայիս կշռեց ու չնայած երեխայիս քաշը պակաս էր, մեկ ա պատվաստեց, դրանից հետո առողջ, գերակտիվ երեխաս սկսեց չխոսել, աուտիզմով է հիվանդացել: Ես այդ մասին հասկացա միայն, երբ դիտում էի հաղորդում պատվաստելու մասին: Դրա համար էլ երեխաներիս պատվաստման չեմ տանում: Մի բան գիտեմ` եթե երեխան որևէ խնդիր ունի, նրան պատվաստելը հակացուցված է»,- ասաց Մարինեն՝ նշելով, որ ինքն այլեւս որեւէ պատվաստման իր երեխաներին չի տանում։
Նույն մարզի մեկ այլ ընտանիք էլ պատվաստումից հետո արդեն երկու տարի պայքարում է երեխայի կյանքի համար: «Երեխայիս ունեցել եմ Երևանի հիվանդանոցում, 7 ամսական էր ծնվել, ու բժիշկներն ասացին, որ 6 ամիս ոչ մի պատվաստում չանենք: Բերեցինք Կապան, երեք ամիս հետո, բժիշկները տեսնելով, որ երեխաս լավ աճում է, պատվաստեցին` առանց մեր խոսքը լսելու»,- պատմեց երեխայի մայրը, որը խնդրեց անունը չհրապարակել։
Պատվաստումից հետո, ըստ նրա, երեխայի ջերմությունը չի իջնում: Ծնողները նրան տարել են Գերմանիա, այնտեղ հաստատել են, որ սխալ պատվաստման հետեւանք է, բայց բուժել չեն կարողանում։
Մանկական բժիշկ Արթուր Ջանազյանը, սակայն, ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին անպայման տանել պատվաստման. «Պատվաստումները ստեղծում են կայուն իմունիտետ կյանքի համար վտանգավոր հիվանդությունների նկատմամբ: Կարող են լինել հատուկենտ կողմնակի ռեակցիաներ՝ մեծ մասամբ պահպանման ոչ ճիշտ պայմանների հետեւանքով»։
Ջանազյանի խոսքով՝ սկզբում աուտիզմի առաջացումը կապում էին դիֆթերիայի դեմ պատվաստանյութում պարունակվող տիոմերսալ բաղադրանյութի հետ, սակայն ոչ մի մեծամասշտաբ հետազոտություն չի հաստատել այդ կապը. «Ամեն դեպքում ԱՄն-ը եւ Եվրոպան հանել են այդ բաղադրանյութը իրենց վակցինաներից»,- ասաց բժիշկը՝ նշելով, որ ինքը վստահաբար կարող է երաշխավորել միայն ԲՑԺ-ի և Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութերի որակը. «ԲՑԺ-ն կանադական է, իսկ Հեպատիտ Բ-ն էլ` հարավկորեական: Երկուսն էլ լուրջ երկրների արտադրանք են»:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հերքում է լուրերը, որ Հայաստան պատվաստանյութեր ներկրվում են Հնդկաստանից՝ վստահեցնելով, որ ներկրումը միայն Եվրոպայից է։





























