News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվ այսպես, ավարտվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի վեցամյա պաշտոնավարումը: Արտասահմանում, նկատի ունեմ`քաղաքակիրթ երկրներում, վարչապետի հրաժարականը սովորական երեւույթ է: Տնտեսական քաղաքականության մեջ ցանկացած տապալում անխուսափելիորեն երկրի կառավարության ղեկավարի, երբեմն էլ նախարարական ողջ կազմի ինքնահեռացման է բերում: Մեզ մոտ ամեն ինչ այլ է: Այս տարիների ընթացքում իրականացվող տնտեսական քաղաքականության մեջ տապալումներ, սխալներ եւ բացթողումներ քիչ չեն եղել: Սակայն պարոն Սարգսյանի գլխավորությամբ գողծող իշխանությունը նախանձագին  անշրջելիությամբ շարունակում էր իր գործունեությունը:

Այդ տարիների միակ դրական կողմը կարելի է բանկային համակարգի կայունությունը համարել (իհարկե` վարկավորման բարձր տարեկան տոկոսներով), պետական բյուջեի հարկային եկամուտների անընդհատ աճը եւ նման այլ բաներ համարել: Այնուամենայնիվ, չնայած հարկային վարչարարության խստացման, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ հարկերի ցանկալի հարաբերակցություն այդպես էլ ձեռք չբերվեց: Պատճառը բոլորին հայտնի է` տնտեսության մեջ առկա հսկայական ստվերը (որոշ գնահատականներով` մոտ 40%)

Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին Հայաստանի արտաքին պետական պարտքն աճել է ավելի քան 1,6 մլրդ ամերիկյան դոլարի չափով, կամ ավելի քան երկու անգամ: Թե որոնք կարող են լինել միլիարդավոր վարկերից ստացված օգուտները` հասարակ քաղաքացիներին ընդամենը գուշակել է մնում: 

Նախկին կառավարությունը, ինչպես հայտարարվում էր, շարունակում էր արտահանման խթանման եւ արտաքին առեւտրի շրջանառության բացասական սալդոյի կրճատման կուրսը: Արդարության համար նշենք, որ 2008-2013թթ. ընկած ժամանակահատվածում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն իրոք կրճատվել է` գրեթե 3,4 միլիարդից հասնելով 3 մլրդ ԱՄՆ դոլարից էլ մի փոքր պակաս նշագծի: Բայց այստեղ մի մանրուք էլ պետք է հաշվի առնել:

Ժամանակին, դեռ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում, Տիգրան Սարգսյանը համաշխարհային արժույթի` ամերիկյան դոլարի նկատմամբ դրամի աննախադեպ ամրապնդմանն ուղղված քայլեր էր ձեռնարկել: Արդյունքում, 2008թ. կանաչ թղթադրամը մինչեւ տասնամյակի կտրվածքով նվազագույն` 306 դրամ մակարդակի գլորվեց: Հայտնի է, որ նման տեղաշարժը խթանում է ներմուծումը` ի վնաս արտահանման:

Հիշեցնենք, որ Հայաստանում դոլարի միջին տարեկան փոխարժեքն ամենաբարձրը եղել է 2002թ.` 573,4 դրամի չափով: Այդ տարի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն «ընդամենը» 482 մլն դոլար էր կազում, այսինքն` անցած տարվա համեմատությամբ` 6,2 անգամ քիչ: Հավելենք նաեւ, որ արտահանման «խոստացված» դիվեսիֆիկացիան այդպես էլ տեղի չունեցավ: Ապրանքների արտահանման ծավալում առաջվա նման գերակշռում են մետաղները (հանքաքարի կամ խտանյութի տեսքով) եւ կոնյակը: 

Տիգրան Սարգսյանը, լինելով տնտեսության առաջընթացային ճյուղերի կողմնակից, հնարավոր բոլոր միջոցներով երկրում խրախուսում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այստեղ ունենք մի քանի հազար մարդու զբաղվածություն, եւ այդ թվաքանակում նշանակալի փոփոխություններ չեն նկատվել: Իսկ ահա գյուղատնտեսությանը, որտեղ ավելի քան 300 հազար ֆերմերային տնտեսություններ են հաշվարկվում, համարժեք ուշադրության չի արժանացել:

2010թ. կրած վիթխարի վնասները (ճյուղի համախառն արտադրանքի ծավալը նվազեց 13,6 տոկոսով) միայն կառավարությանը «հիշեցնել տվեցին» գյուղատնտեսության մասին: Սակայն մինչ այժմ էլ ֆերմերները ապահովագրված չեն եղանակի քմահաճույքներից, որոնք ծայրահեղ անշրջելիությամբ փչացնում են մրգերի եւ բանջարեղենի սպասվող բերքը: Ինչը նաեւ ընթացիկ տարվա մարտ ամսին տեղի ունեցավ:

Ժամանակին, հակառակ կառավարության հավաստիացումներին, թե համաշխարհային ճգնաժամը Հայաստան չի հասնելու, ի վերջո այն 2009թ. հասավ: Արդյունքում ՀՆԱ-ն, շուկայական գների արտահայտմամբ, կտրուկ նվազեց (14,1 տոկոսով) եւ երկար ժամանակ, ընդհուպ մինչեւ 2012թ. չէր կարողանում հասնել տնտեսության 2008թ. նախաճգնաժամային մակարդակին: Եվ միայն անցած տարի բազային մակարդակը 2,5 տոկոսանոց աննշան աճ ապահովեց:

Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին ապրանքներն ու ծառայությունները թանկացել են միջինը 1,3 անգամ, ինչի ֆոնին իրական աշխատավարձի` վերջին հինգ տարիների աճի չափն ընդամենը 4,9 տոկոս է կազմում: Նկատենք, որ սա ընդամենը` պաշտոնական տվյալներով, ինչի հետ մեր քաղաքացիներից շատերը համաձայն չեն:

Եկամուտների հայտարարագրման գաղափարը զուտ ձեւականորեն էր իրականացվում, եւ հարկային բեռը մինչ այժմ էլ ցածր աշխատավարձով քաղաքացիների ուսերին է ընկնում: «Հարուստների»` հարկային խուսափումներին զուգահեռ, դրան նպաստում է նաեւ եկամտահարկի ցածրաճ սանդղակը: Արդյունքում պահպանվում եւ խորանում է մեր հասարակության կտրուկ եկամտային բեւեռացումը:

Վերջերս խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե «մենք պետք է շարունակենք նախկին կառավարության ձեռքբերումները` կրթական, մաքսային եւ հարկային բարեփոխումների իրականացմամբ»: Նկատենք, որ հարկային քաղաքականության բարեփոխումները հիմնականում եղել են մեկ հարկատեսակի` մյուսով փոխարինմամբ: Դրան էլ հավելենք աշխատողների շրջանում մեծ դժգոհություն առաջացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Նոր կառավարությունը պետք է նախորդի ծրագրերը իրականացնի, որոնց թվում կարելի է առաջիկա տարիներին 60 հազար նոր աշխատատեղ ստեղծելու «խոստումն» առանձնացնել

Կարո՞ղ է արդյոք նոր վարչապետը իրականություն դարձնել այն: Հայտնի խոսք կա` ամեն ինչ կադրերն են որոշում:

Պարոն Շարմազանովի խոսքերով, իշխող կուսակցությունը նոր վարչապետին կադրերի ընտրության հարցում լայն լիազորություններ է տվել: Այնպես որ սպասվող «կադրային ընտրությունները» մեր հասարակությանը հնարավորություն կտան հասկանալու` ի վերջո լուծվելո՞ւ են մեր տնտեսության ցավոտ խնդիրները, թե՞ ոչ: Այդ խնդիրները բավականաչափ լայն շրջանակ ունեն, եւ վերը թվարկածները դրանցից մի քանիսն են միայն:

Ի միջի այլոց, չնայած Երեւանի հասարակական տրանսպորտը ձեւականորեն կառավարության լիազորությունների շրջանակում չէ, վերջինս պետք է աջակցություն ցուցաբերի այդ ոլորտում խնդիրների լուծմանը եւ ուղեւորավարձի սակագնի բարձրացում թույլ չտա: Հենց սա էլ կլինի նոր կառավարության արդյունավետ աշխատանքի առաջին ստուգումներից մեկը:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ