Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում է ներառել թուրքական Golden Global բանկն ու դրա դուստր ձեռնարկությունները։ Համապատասխան ծանուցումը տեղադրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքում։

Բացի բուն ֆինանսական կազմակերպությունից, սահմանափակումներ են մտցվել նաև Թուրքիայում տեղակայված նրա երկու ստորաբաժանումների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆիննախը գլխավոր արտոնագիր է տրամադրել, որով ամերիկյան սուբյեկտներին թույլատրվում է մինչև սեպտեմբերի 19-ն իրականացնել այն գործարքները, որոնք անհրաժեշտ են Golden Global-ի մասնակցությամբ ֆինանսական գործառնություններն ավարտին հասցնելու համար։

Պատժամիջոցների ցուցակում ներառումը ենթադրում է ԱՄՆ-ում առկա ակտիվների սառեցում, ինչպես նաև ամերիկյան քաղաքացիներին ու ընկերություններին արգելում է բիզնես վարել ցանկում հայտնվածների հետ։