67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավին, որին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ ապտակել էր ոստիկանը, անլուրջ է վերաբերվում համացանցում տարածված լուրերին, թե ինքը ադրբեջանական արմատներ ունի և ադրբեջանցի լրտես է:  NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Դեխնավին նշեց, որ ինքը ծնունդով հայ է և 1985թ. է Թեհրանից վերադարձել Հայաստան:

«Նահապետական հայ ընտանիքից եմ ես: Վերադարձել եմ 1985թ., այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ուներ անվտանգության հսկայական ռեսուրսներ և մինչև ուղն ու ծուծը մարդկանց քննում էին, որպեսզի թույլ տային մուտք գործել Խորհրդային Հայաստան: Ես ուղղակի կարծում եմ, որ այդ լուրերը տարածողը սովորական կատարածու է. ումից որ ոսկոր է ստացել, նրա թույլտվությամբ էլ հաչում է»,-ասաց նա:

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ցուցարարներին որպես Հակոբ Նազարյան ներկայացած տարեց տղամարդը իրականում ադրբեջանական ծագում ունի եւ Իրանի քաղաքացի է։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:

Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն: